«Իմ քայլը» խմբակցությունում նոր ղեկավարի վերաբերյալ քննարկումների մասին մանրամասնում է Արփի Դավոյանը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում քննարկում չի եղել խմբակցության նոր ղեկավարի վերաբերյալ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփի Դավոյանը՝ անդրադառնալով Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու վերաբերյալ լուրին։

Հարցին՝ Մակունցը լավ դեսպան կլինի՞, Դավոյանը նշեց․ «Ես չեմ կարող ասել՝ որպես դեսպան՝ ով ինչպիսի կադր կարող է լինել, որովհետև դա ժամանակը ցույց կտա։ Ես կարծում եմ, որ նա կարող է լինել լավ դեսպան»։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք գործող դեսպանի հետ իշխանությունները խնդիր ունե՞ն, Դավոյանը նշեց․ «Չեմ կարծում»։

Պատգամավորի խոսքով՝ նշանակումից հետո ավելի մանրամասն կարող է խոսել այս մասին։ «Կլինի նշանակումը՝ կխոսենք, ավելի հստակեցված կլինի նշանակման մանրամասները՝ նորից կխոսենք»։

Ինչ վերաբերում է լրագրողների դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ ինքը կարող է նշանակվել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Դավոյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ հենց հիմա առաջին անգամ ձեզանից լսեցի, հետևաբար չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ: Նման քննարկում չկա և չի էլ եղել»,- ասաց Դավոյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Ազատություն ռադիոկայանին» տված հարցազրույցում Մակունցը անդրադարձել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան դառնալու մասին շրջանառվող լուրերին՝ նշելով, որ օրակարգում կա նման հարց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ