Եթե ես լինեի վարչապետ, ինձ կամ կխփեին, կամ երկիրը երկիր կդառնար. Սարգիս Գրիգորյան

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասան Սարգիս Գրիգորյանը: Մենք բացահայտել ենք նրա բնավորության՝ քչերին հայտնի գծերը, պարզել, թե այս կամ այն իրավիճակում իրեն ինչպես կդրսեւորեր դերասանը: Սարգիսը նշել է, թե ում կերպարն է իրեն երբեւէ ոգեշնչել, եւ ինչպես են ինքն ու կինը՝ Մանո Գրիգորյանը, հարթում ընտանեկան վեճերը:

-Սարգի՛ս, միշտ հավատացել եք, որ կարող եք…

-Ասածիս տեր լինել, համենայնդեպս, ամեն ինչ անում եմ դրա համար:

-Ռեինկարնացիա՞, թե՞ հավիտենական կյանք:

-50/50 է երկուսի հավանակությունն էլ:

-Երբ սկսեցիք հետաքրքրվել քաղաքականությամբ, հասկացաք, որ…

-Մեծ սխալ գործեցի, բայց, այնուամենայնիվ, խղճիս դեմ չեմ կարող գնալ: Խիղճս հուշում է, որ իմ տեսակը պետք է արտահայտի իր կարծիքը, հնչեցնի իր խոսքը:

-Եթե չլինեիք բեմի մարդ, կնախընտրեիք լինել…

-Իրավաբան երեւի:

-Երբ Ձեզ թվում է, որ անելանելի վիճակում եք…

-Ընտանիքիս կողքին եմ լինում եւ աղոթում եմ:

-Հաղթում է նա, ով…

-Խղճին չի դավաճանում: Խիղճը ճշմարտությունն է հուշում, իսկ ճշմարտությունը հաղթանակ է:

-Ո՞ւմ կերպարն է Ձեզ միշտ ոգեշնչել:

-Ռոբերտ դե Նիրոյի տեսակը:

-Ի՞նչ կասեք Ձեզ սիրահարված երկրպագուին:

-Թող լավ լինի, կյանքում հաջողակ լինի, գտնի իր տեղն ու դիրքը կյանքում:

-Հատկություններ, որոնցով տղամարդն անպայման պետք է օժտված լինի:

-Արժանապատվություն, ինքնասիրություն, պահանջկոտություն եւ հոգատարություն:

-Եթե Դուք լինեիք երկրի վարչապետը…

-Այնքան խնդիրներ կան լուծելու… Առաջին հերթին բանակում տեխնիկական համալրում կիրականացնեի, որպեսզի քիչ զինվոր զոհվեր: Եթե ես լինեի վարչապետ, կլինեի այնպիսին, ինչպիսին հիմա եմ, իսկ թե դա ինչի կհանգեցներ, չեմ կարող ասել: Համենայնդեպս, հատուկ բան չէի անի, իմ սկզբունքներով կառաջնորդվեի. կա՛մ կխփեին, կա՛մ երկիրը երկիր կդառնար:

-Պահ, որ մի ամբողջ կյանք արժեր:

-Դուստրերիս ծնունդների պահերը:

-Ձեր բնավորության ամենաուժեղ գիծը համարում եք…

-Պատասխանատվության զգացումը:

-Երբեք չեք ներում այն մարդուն, որը…

-Քծնողներին, սրիկա ժպիտով մարդկանց, որոնց ամեն խոսքի տակ ենթատեքստ ունեն… Այդ մարդկանց երբեք չեմ հասկանում: Գուցե բիզնես տեսանկյունից շահեկան է այդ կերպարը, բայց դրանք ամենադավաճան մարդիկ են:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ