Ո՞վ կարող է դառնալ կնքահայր՝ ընտրություն կատարելիս եղեք իրազեկված

«Երեխան ի՞նչ է ցանկանում», — հարցնում է քահանան:
«Հավատք, հույս, սեր և մկրտություն»,- պատասխանում է կնքահայրը:

Կնքահայրը մկրտվողի հոգևոր ծնողն ու դաստիարակն է, ում վստահվում է երեխայի հոգևոր կյանքի աճն ու զարգացումը: Ժողովրդական լեզվում տարածված է նաև «քավոր» բառը, որով դիմում են կնքահորը:

Ե՞րբ է առաջացել «կնքահայր» կամ «քավոր» հասկացողությունը:

«Կնքահայր» կամ «քավոր» հասկացողությունը եկել է առաջին դարերից: Այն ժամանակ նրանք կոչվում էին վկայող: Նա այն անձն էր, ով նորադարձ հավատացյալին բերում էր քրիստոնեական համայնք, վկայում, որ նա կարող է անդամագրվել տվյալ համայնքին և արժանի է մկրտության: Դարերի ընթացքում այդ մարդը դարձել է կնքահայր (քավոր), բայց ըստ խորհրդի բուն էության նույն վկայողն է: Կնքահոր հիմնական պարտականությունը հոգևոր և քրիստոնեական դաստիարակությամբ զբաղվելն է:
Հայկական ընտանիքներում և կենցաղում կնքահայրը կամ քավորը հատուկ տեղ և դեր ունի: Առանց նրա չի կատարվում ոչ մի ընտանեկան իրադարձություն, իսկ ավանդական երկրորդ կամ երրորդ կենացը հաստատ հնչում է կնքահոր կամ քավորի պատվին: Սակայն մինչև կնքահորն ընտրելն ընտանիքը կանգնում է մի շարք հարցերի առաջ:

Ովքե՞ր կարող են կնքահայր լինել:

Մկրտվողի հարազատ եղբորից, հայրիկից և պապիկից բացի՝ ցանկացած մարդ: Կնքահայրը պետք է լինի մկրտված, չափահաս տղամարդ: Եկեղեցու ավանդույթի համաձայն նախընտրելի է, որ կնքահայրը լինի կամ հեռու բարեկամ կամ ընդհանրապես արյունակցական կապ չունենա, քանի որ կնքահոր անձի ընտրության նպատակն է, որ մկրտվողի կողքին ավելանա նրա մասին հոգացող ու հավատավոր ևս մեկը: Կնքահայր ընտրելիս կարևոր է նկատի ունենալ, որ վերջինս լինի բարեպաշտ քրիստոնյա և ունենա օրինակելի ընտանիք: Որպես կնքահայր կարող է հանդես գալ նաև հոգևորականը:

Ովքե՞ր չեն կարող կնքահայր լինել:

Կնքահայր չեն կարող լինել կանայք, անչափահասները, անհավատները, այլակրոնները, այլադավանները, մկրտվողի հայրը, եղբայրը կամ պապիկը:

Պարտադի՞ր է, որ կնքահայրն ու կնքամայրն ամուսիններ լինեն:

Մեր եկեղեցին չունի «կնքամայր» հասկացողությունը։ Պարտադիր չէ, որ կնքահայրն ամուսնացած լինի:
Հայ Եկեղեցու կանոնական որոշումների համաձայն` միայն տղամարդը կարող է կնքահայր լինել: Մկրտվողի կնքամայրը հանդիսանում է այն եկեղեցին, որտեղ անձը մկրտվում է, քանի որ եկեղեցու արգանդից՝ Մկրտության ավազանից է ծնվում քրիստոնյան։
Կնքահայրն իր սանիկի ընտանիքի հետ հոգևոր ազգական է դառնում: Եկեղեցական կանոնների համաձայն` կնքահայրը չի կարող խնամիական կապ ունենալ իր սանիկի հետ:

Ի՞նչ դերակատարում ունի կնքահոր կինը: Արդյո՞ք նա կնքամայր է:

Դա ձևական պաշտոն է։ Կինը կարող է լինել կնքամայր այնքանով, որքանով իր ամուսինը կնքահայր է։

Ինչո՞ւ կինը չի կարող լինել կնքամայր:

Մկրտվողի հոգևոր մայրը եկեղեցին է, որի արգանդից՝ Մկրտության ավազանից, ծնվում է քրիստոնյան։
Եթե ընտանիքի նախընտրած կնքահայրը չի կարողանում մասնակցել արարողությանը, օրինակ՝ արտասահմանում է, կարո՞ղ է որևէ մեկ այլ անձ նրա փոխարեն մասնակցել արարողությանը:
Եթե ընտանիքի կողմից ընտրված կնքահայրը ինչ-որ պատճառով չի կարող մասնակից լինել եկեղեցում կատարվող արարողությանը, ապա կարելի է այլ մարդու ընտրել որպես կնքահայր: Այս դեպքում ամենևին էլ պարտադիր չէ կնքահորը սպասելը, մանավանդ եթե հայտնի չէ, թե կնքահայրը երբ կկարողանա ներկա գտնվել։ Ուստի, առավել կարևոր է երեխայի մկրտությունը չհետաձգելը։ Սակայն եթե նկատի ունեք, որ որևէ անձ կնքահոր փոխարինողի դերում լինի ժամանակավորապես՝ միայն արարողության համար, ապա՝ միանշանակ ոչ: Արարողությանը մասնակցած անձը կլինի մկրտվողի կնքահայրը:

Եթե ինչ-ինչ խնդիրներ են առաջացել, ասենք՝ կնքահայրը մահացել է կամ ընտանիքի հետ կոնֆլիկտ է առաջացել, անձը կարո՞ղ է փոխել կնքահորը:

Ս. Մկրտության կամ Ս. Պսակի ժամանակ որպես կնքահայր հանդես եկած անձին փոխել այլևս հնարավոր չէ։ Այլ բան է, որ եթե տվյալ ընտանիքում կրկին լինի Մկրտության կամ Պսակի արարողություն, լիովին հնարավոր է այլ մարդ ընտրել որպես կնքահայր։

Կարելի՞ է ամուսնանալ կնքահոր կամ նրա զավակի հետ:

Անշուշտ, ոչ: Կնքահայրը մկրտության ժամանակ դառնում է սանիկի հոգևոր հայրը: Եթե անընդունելի է մարմնավոր ծնողի հետ ամուսնանալը, ապա որքան առավել անընդունելի է հոգևոր ծնողի հետ ամուսնանալը: Չէ՞ որ հոգին առավել է, քան մարմինը: Նույնն է նաև կնքահոր դստեր հարցում, քանի որ կստացվի, որ մարդն ամուսնանում է իր հոգևոր քրոջ հետ, որը նույնպես անթույլատրելի է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ