Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Տավուշից մեկնարկած քայլերթին։

«Ես քաղաքական գործիչ եմ, բայց քաղաքական առաջարկ չեմ լսել։ Ես հարգանքով եմ վերաբերվում մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք այլ կարծիք ունեն, որոնց հետ ես համաձայն չեմ, բայց ես քաղաքական պահանջ չեմ լսել։ Իրենց առաջարկը Ադրբեջանի նկատամամբ ինչ-որ գործողություն անելն է, ինչ-որ քայլով հարձակվելը»,- ասաց նա։

Անդրադառնալով ակցիայի մասնակիցների սահմանազատման կասեցման մասին հայտարարություններին, Սիմոնյանը նկատեց․ «Կասեցնել սահմանազատումը նշանակում է, որ դեմ են դրան։ Հայաստանը միակողմանի զիջումների չի գնում, ֆիքսում է իր սահմանները և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավական հիմքեր և այդ քարտեզներին մենք տիրապետում ենք»։

ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում, որը տեղի է ունենալու 2026 թվականին։

«Երբ մենք եկանք իշխանության, այդ ժամանակ չկար ձևավորված իշխանություն ընտրությունների միջոցով և ՀՀ ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը։ Դրանից հետո 2021 թվականին նորից գնացինք ընտրությունների և ձևավորեցինք իշխանություն։ Իսկ իրավիճակ կարող է փոխվել ժամը մեկ ամեն մեկի տանը, գլխում»,- ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ