Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը վերջերս հրապարակել էր «Nations in Transit» տարեկան զեկույցը, որը խիստ վիճահարույց դրույթներ է պարունակում և կասկածի տակ է դնում մասնավորապես կառույցի հայաստանյան գրասենյակի անաչառությունը։

2024 թվականին հրապարակված տարեկան զեկույցում հեղինակավոր կազմակերպությունը, հենվելով կեղծ և ոչ օբյեկտիվ տեղեկությունների վրա, վարկաբեկող գնահատականներ է հնչեցրել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերության վերաբերյալ։

Ըստ կազմակերպության տարեկան զեկույցի՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ը իբր աջակցել է իշխող «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությանը՝ շրջանցելու կուսակցությունների ֆինանսավորման կանոնները և օգտագործել է դրամահավաքի անօրինական մեխանիզմներ։ Մասնավորապես, զեկույցի հեղինակները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դոնորների մեծ մասը, իբր, տեղյակ չի եղել բանկի միջոցով իրենց անունից կատարված նվիրատվությունների մասին։

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ը, որը 33 տարվա պատմություն ունի և մինչ օրս սերտ գործակցում է ավելի քան 20 միջազգային հեղինակավոր և առաջնակարգ կառույցների հետ, վերջիններիս հետ հաջողությամբ իրականացրել է ավելի քան 120 ծրագիր, ինչը նշանակում է, որ ցանկացած նման ծրագրի մեկնարկից առաջ և ողջ ծրագրի իրականացման ընթացքում Բանկը պատշաճ կերպով անցնում է նախանշված և սահմանված չափանիշների և պահանջների համապատասխանության ստուգում տվյալ կառույցների կողմից, համարվում է Հայաստանի բանկային ոլորտի ամենավստահելի, կայացած և հեռանկարային ընկերություններից մեկը։ Նման գործընթացներից անմասն չէ նաև հաճախորդի հետ գործարք կատարելիս կամ գործարար հարաբերություն հաստատելիս առաջնորդվել ոլորտը կարգավորող ՀՀ և միջազգային համապատասխան իրավական ակտերի դրույթներով՝ սկսած հաճախորդների նույնականացումից և ինքնության ստուգումից, մինչև միջոցների ծագման աղբյուրի բացահայտում և պատշաճ ուսումնասիրության շրջանակներում օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումներ, որոնք և խստագույնս պահպանվել և պահպանվում են Բանկի պրոֆեսիոնալ մասնագետների կողմից։

Մինչդեռ «Freedom House»-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, հիմնվելով որոշ լրատվամիջոցներում տեղ գտած կեղծ և անհիմն տեղեկությունների վրա, փորձել են արատավորել Բանկի անունը և բարի համբավը, փորձել են Բանկի բաժնետերերին կապել իշխող կուսակցության հետ՝ երևակայական վերլուծություններ անելով՝ առանց հիմնավոր փաստերի։ Ավելին, «Freedom House»-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները զեկույցը կազմելիս զլացել կամ գուցե քաղաքական և որոշ ուժերի կողմից ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով դիտավորյալ չեն ստուգել փաստերը և զբաղվել են էժանագին մանիպուլյացիայով։ Սա, թերևս, մեզ իրավունք է վերապահում ենթադրելու, որ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան գրասենյակում ոմանք զբաղված են այլոց քաղաքական շահերը սպասարկելով, կոռուպցիոն գործարքներով և պատվերով զեկույցներ գրելով։

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի ներկայացուցիչները պատշաճ և քաղաքակիրթ ձևով փորձել են կապ հաստատել «Freedom House»-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ՝ զեկույցում տեղ գտած անճշտությունները միասին պարզաբանելու նպատակով, սակայն կազմակերպության գրասենյակն անպատասխան է թողել ոչ միայն Բանկի ներկայացուցիչների հեռախոսազանգերը, այլև չի արձագանքել Բանկի կողմից իրենց ուղղված գրություններին։

Սա ևս ստիպում է ենթադրել, որ «Freedom House»-ի հայաստանյան գրասենյակի որոշ աշխատակիցներ, ոտնահարելով իրենց մայր կառույցի՝ ժողովրդավարության զարգացման սկզբունքները, որոշել են սպասարկել ոմանց քաղաքական կամ բիզնես շահերն ու քմահաճույքները։

Հարկ ենք համարում նշել, որ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ին առընչվող զեկույցում տեղ գտած բացասական դրույթների հեղինակները շարժվել են բացառապես սեփական շահախնդրությամբ և նման աշխատակիցները չպետք է տեղ գտնեն այս հեղինակավոր կառույցի ներկայացուցչությունում։ Փաստացի, այդ մարդիկ իրենց աշխատանքով վարկաբեկել են ոչ միայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ը, այլև «Freedom House»-ը։ Հուսով ենք, որ այս հայտարարությունը «Freedom House»-ի գլխավոր գրասենյակի պատասխանատուների համար կծառայի որպես հիմք՝ հայաստանյան գրասենյակի անպատասխանատու, գուցե նաև կոռումպացված աշխատակիցներին կարգի հրավիրելու կամ նրանցից ձերբազատվելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ