«Շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ». ՊԲ

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:

Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից:

«Ադրբեջանական կողմը, կրկին ցուցաբերելով ապակառուցողական դիրքորոշում և ավելին՝ արհամարհելով Բաքվում ընթացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ՝ ավելի հաճախակի օգտագործելով դիպուկահար զինատեսակներ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է հակամարտող կողմերի միջև լարվածությունը թուլացնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, բայց հակառակորդի սադրանքների շարունակման դեպքում դիմելու է իրավիճակից բխող համարժեք գործողությունների»,- ասված է ՊԲ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը  հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել, հիմնականում, մարտական դիրքերի ուղղությամբ։ 

Տեղեկությունը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Գնդակոծել սկսել են գիշերվանից մինչև առավոտ։

Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է: Լուրջ հետևանքներ, տուժածներ չկան»,- ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ