«Մի հատ էլ հակակարկտային շոկոլադ պետք է արտադրել». Նիկոլ Փաշինյանը կատակով դիմեց գործարարին

Պետք է հակակարկտային շոկոլադ էլ արտադրել։ Այսօր՝ հոկտեմբերի 12–ին, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ընթացքում կատակով ավստրիահայ գործարարին դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերցնելով «քավոր», «զոքանչ» գրություններով շոկոլադները՝ վարչապետը կատակելով հարցրեց. «Սրանք նո՞ր են, ամենաշատը «զոքա՞նչ» է վաճառվում»։

Եվ կատակին ի պատասխան գործարարն ասաց. «Այո, բայց բիբարով»։

Գործարարը բողոքեց, որ ամենաքիչը վաճառվում է «Sorry» գրությամբ շոկոլադները, վարչապետն էլ հուսադրեց, որ ընթացքում ավելի ու ավելի շատ կվաճառվի. «Հեղափոխության մեկնարկից հետո ոչ ոք չի հաշվել, բայց երեւի վարչապետ ընտրվելուց հետո մի հազար անգամ ներողություն եմ խնդրել տարբեր առիթներով. դա նորմալ բան է։

Կարծում եմ՝ այս բառը հեղափոխության հաջողությունների մեջ է, որովհետեւ երբ ճանապարհ էինք փակում եւ մարդկանցից սկսում էինք ներողություն խնդրել, որ իրենց այդ անհարմարությունը պատճառում ենք, իրենց վերաբերմունքը փոխվում էր։ Երբ իրենցից բարձրախոսով ներողություն էի խնդրում, մթնոլորտն էր փոխվում։ Այնպես որ սրա վաճառքի ծավալները պետք է ավելացնել։ Լավ կլինի, որ քաղաքացիները պայուսակում ունենան։ Մեզ համար դժվար է դա արտասանել, դե կովկասյան… դրա համար պետք է գրպանում ունենալ եւ ցույց տալ»։

Գործարարը մի զավեշտալի պատմություն պատմեց վարչապետին, երբ եկել էր առաջին անգամ Հայաստան եւ գնում էր Աշտարակ՝ գրանցելու ֆիրման. «Երբ Երեւանից գալիս էի դեպի Աշտարակ, որ գրանցենք ֆիրման, տաքսու վարորդին ասում եմ՝ ինչ լավ է, ծառերը ծաղկել են։ Նա ինձ կոպիտ ասաց՝ հեսա կարկուտը կգա ու սաղ կքանդի»։

Պատմությունից հետո ծիծաղ հնչեց, որից հետո Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկեց շոկոլադների անվանումների մեջ ավելացնել նաեւ՝ հակակարկտային շոկոլադը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ