Ճիշտ չի լինի, որ նորակառույց դպրոցները դասապրոցեսի ավարտից հետո փակվեն. Փաշինյան

Մենք խոսում ենք նորակառույց դպրոցների տարածքները, շենքերը նաև որպես համայնքային կենտրոններ ծառայեցնելու մասին: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր շրջայցերի ընթացքում տեսնում ենք, որ նորակառույց դպրոցները ճիշտ չի լինի դասապրոցեսի ավարտից հետո փակվեն, կողպվեն և այդ շենքերը մնան դատարակ, և հիմա մենք մեթոդներ ենք մտածում, թե ինչպես անենք, որ այդ շենքերը ծառայեն համայնքի կարիքներին»,- ասաց նա և նշեց, որ դրանք պետք է առավելագույնս մոտիկ լինեն կրթական և զարգացման օրակարգերին ու տրամաբանությանը, իսկ հիմա այս որոշումով ընդլայնում են այդ հնարավորությունը և սահմանում ընթացակարգերը:

Վարչապետը նկատեց նաև, որ «անհասկանալի ձևով դասասենյակների պակաս կա: «Շենքը նոր կառուցել ենք, բայց պարզվում է դասասենյակները չեն հերիքում»,- ասաց նա:

Նշենք, որ գործող կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում խնդրահարույց հարցերը կհստակեցվեն, ինչի արդյունքում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն ավելի կդյուրանա: ՊՈԱԿ-ների կանոնադրության ներկայացվող նախագծով կատարված կարգավորումների արդյունքում հաստատություններում կբարձրանա գործընթացի կազմակերպման արդյունավետությունը, դպրոցի կառավարման, խորհրդակցական մարմինների, կրթական գործընթացի մասնակիցների գործառույթների իրականացումը հնարավորինս անխոչընդոտ կընթանա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ