Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի վաղաժամ դուրսբերումը՝ նշելով, թե դա վկայությունն է այն բանի, որ Ռուսաստանը ոչ հուսալի դաշնակից է։

Պետդեպից հայտարարել են, որ ԱՄՆ-ը եռակողմ համաձայնագրի կողմ չի եղել, ըստ որի 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն ավարտվել են, և տարածաշրջան են մտցվել ռուսական զորքեր:

«Մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց կտար, որ ռուս զինվորականները ներդրում են ունեցել Հարավային Կովկասի ավելի խաղաղ և կայուն տարածաշրջան լինելու համար, և Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն այս աշնանը դրա վկայությունն էին։ Սա ևս մեկ օրինակ է, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից և գործընկեր չէ»,- նշել է Պատելը:

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու ջանքերին և պատրաստ է նպաստել այդ գործընթացի առաջմղմանը:

Երեկ հայտնել էինք, սկսվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ սկսվել է խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է։

Ռուսական խաղաղապահ զորախումբը ժամանակավորապես տեղակայվել էր Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ