Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել է կիրառել տնային կալանք օրերս ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ քաղաքացու նկատմամբ դատարանը կիրառել է նաև 7 միլիոն դրամ գրավ։

Իր հերթին ՀՀ քննչական կոմիտեն հղորդագրություն է տարածել, որում նշված է․ «Երևան քաղաքում, երթուղային տրանսպորտում ապրիլի 15-ին տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ Ս․Վ․-ն Երևան քաղաքի Քրիստափոր–Արշակունյաց փողոցների խաչմերուկում՝ թիվ 42 երթուղային ավտոբուսի մեջ, մոտեցել է նույն ավտոբուսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հակոբ Ասլանյանին։ Հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ տեսագրելու և տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը՝ այն պահել է Հակոբ Ասլանյանի ուղղությամբ և քաղաքական հայացքներով պայմանավորված՝ Հակոբ Ասլանյանին և նրա ներկայացրած կուսակցության անդամների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելով, ինչպես նաև հասարակության նկատմամբ անհարգալից` իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրևորելելով, կատարել է խուլիգանություն։

Մասնավորապես՝ Ս․ Վ․-ն Հակոբ Ասլանյանի հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ և, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հակադրվելով և անտեսելով հանրային տրանսպորտում գտնվող անձնանց՝ վիճաբանությունը դադարեցնելու հորդորները, խախտել է այդ անձանց անդորրը՝ շարունակելով վիճաբանությունը նաև իրեն դիտողություն արած անձանց հետ՝ արդարացնելով իր գործողությունները նրանով, որ Հ. Ասլանյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և ՀՀ ԱԺ պատգամավոր:

Արդյունքում երթուղային ավտոբուսի վարորդը Երևան քաղաքի Խանջյան-Բյուզանդ փողոցների հատման հատվածում ստիպված դադարեցրել է երթևեկությունը և պահանջել դուրս գալ երթուղայինից։ Այդ կերպ Ս. Վ․-ն խոչընդոտել է հանրային տրանսպորտի բնականոն աշխատանքը:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Երևանի 30-ամյա բնակչի նկատմաբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան ներկայացվել է մեղարդանք։

Դատարանի որոշմամբ Ս․Վ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և գրավը՝ 7մլն ՀՀ դրամի չափով»։

Ավելի վաղ Վարդանյանի փաստաբան Մելիքյանը հայտնել էր, որ Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է քաղաքական հիմքով թշնամանք և անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառելու վերաբերյալ հաղորդում է ստացվել Քննչական կոմիտեում, քրեական վարույթի նախաձեռնման հիմքերն են ուսումնասիրվում և քննչական ենթակայության հարցն է լուծվում։

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի երիտասարդ հասարակական տրանսպորտում սադրում է Ասլանյանին, փորձում արգելել, որ նա իջնի, պատգամավորի հասցեին հնչեցնում անձը վիրավորող արտահայտություններ:

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, երիտասարդը ձերբակալվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ