Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի՝ օրերս «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցը շահարկումների տեղիք է տվել: Մկրտչյանը դրանում խոսել էր հանրային տրանսպորտում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ իրականացված սադրանքի մասին, որի կատարողին՝ Սամվել Վարդանյանին, իրավապահները մեղադրանք են առաջադրել խուլիգանական արարք կատարելու և քաղաքական հիմքով թշնամանք և անհանդուրժողականություն հրահրելու հոդվածներով:

Հարություն Մկրտչյանը հարցազրույցում շեշտել էր, որ խնդիրը բացառապես իրավապահների տիրույթում է՝ ակնկալելով, որ տեղի ունեցածին պատշաճ գնահատական կտրվի, որպեսզի նման դեպքերը բացառվեն: Միևնույն ժամանակ քաղաքագետը նկատել էր, որ եթե իրավապահները համարժեք կերպով չպատասխանեն, ուրեմն պետք է անցնել նրանց դաշտ և հետները խոսել իրենց սիրած մեթոդներով, իսկ դրանք բոլորին հայտնի են. պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում «Պռիվետ Ռոբ»-ի համար մարդկանց սպանելը:

Այնուհետև Սամվել Վարդանյանի փաստաբանները հայտարարեցին, թե նրան ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս ծեծի են ենթարկել, խոշտանգել, նվաստացրել՝ սա աներկբա կապելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ավելի վաղ արած հայտարարության հետ, ըստ որի՝ «Վարդանյանի արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի» և Մկրտչյանի՝ մեզ տված հարցազրույցում արտաբերած մտքի հետ:

Անդրադառնալով իր արտահայտած մտքի շահարկմանը և դրանում ու Սամվել Վարդանյանի իբր խոշտանգման միջև կապ տեսնելուն՝ Հարություն Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասում է՝ քիչ թե շատ ծանոթ է այդ մեղադրանքներին:

«Բանալի բառերը վերցրել և իրենց համար մատի փաթաթան են դարձրել, փորձում են քրեական գործ խմորել իմ դեմ: Հավաստիացնում եմ՝ չի ստացվելու: Այդ բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրիկներին, այդ նորաթուխ խուլիգանի քաղաքական հայրիկին, ում ձեռամբ, հրամանով ու լուռ համաձայնությամբ ամենաքիչը տեղի է ունեցել Պոպալավոկի զուգարանում Պողոս Պողոսյանին ծեծելով սպանելը»:

Վերջինիս խոսքով՝ ինքը ոչ թե բռնության կոչ է արել, այլ նկատել, որ եթե իրավապահ համակարգը նմանատիպ խուլիգանական դրսևորումներին հավուր պատշաճի քրեաիրավական գնահատական չի տալիս, ապա վստահաբար լինելու են մարդիկ, որոնք փնտրելու են սեփական մեթոդներով լուծումները. «Կներեք, իսկ ՀՀ-ում զուգարանում մարդ ծեծողներն ու սպանողները ազատության մեջ չե՞ն էսօր, պադեզդներում մարդ ծեծողներն ու սպանողները ազատության մեջ չե՞ն այսօր: Ցավոք սրտի, ժողովրդավարական իշխանությունը իր ողջ հմայքով, հատկապես դատական համակարգը իր ողջ հմայքով չաշխատեց այս ողջ շրջանում, ու դրա համար էլ նմանատիպ խուլիգանների համար դռներ բացվեցին, իսկ նրանց քաղաքական հայրիկների անցյալը, կարծում եմ, ՀՀ քաղաքացիները շատ լավ գիտեն»:

Մկրտչյանը կարծում է, որ փորձ է արվում իրեն ներկայացնել որպես ոչ ժողովրդավար, դիկտատորական ինչ-որ նկրտումներ և հակումներ ունեցող անձնավորություն. «ՀՀ իրավապահ համակարգում տասնյակների են հասնում իմ ներկայացրած՝ հանցագործությունների մասին հաղորդումները, որտե՞ղ են այսպիսի խուլիգան տեսել: Իմ խնդիրը ՀՀ-ում օրինականություն հաստատելն է»:

Միաժամանակ Մկրտչյանը կոչ է անում իրավապահներին, որ քննության ենթարկեն և պարզեն՝ եթե իրոք տեղի է ունեցել բռնություն Սամվել Վարդանյանի նկատմամբ, այն ստանա իրավական գնահատական:

Անդրադառնալով այն փաստաբաններին, որոնք առավելապես իրենց քաղաքական հայացքներն ու գաղափարներն են շոշափում, քան զբաղվում անձանց իրավունքների պաշտպանությամբ՝ զրուցակիցը խորհուրդ է տալիս մի քանի գրոշ գրանտի դիմաց սեփական համոզմունքներն ու հավատամքը չվաճառել:

«Այս պահին գործ ունենք կեղծ իրավապաշտպանների խմբի հետ, ում նպատակը ՀՀ-ում բոլորին ակնհայտ է, նրանք էլ չեն թաքցնում՝ ինչպես ևս մի քանի գրոշ ավել գրանտ պոկել Եվրամիությունից, Միացյալ Նահանգներից, տարբեր դեսպանատներից ու անունը դնել «իրավապաշտպան գործողություն»: Այդ նույն մարդիկ որտե՞ղ էին, երբ ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանական վարք էր դրսևորվում, այդ նույն իրավապաշտպանները որտե՞ղ էին, երբ 2020 թվականին ԱԺ նախագահի դեմ մահափորձ էր իրականացվում, 2018-ից հետո որտե՞ղ էին առհասարակ, չէի՞ն ուզում բարձրաձայնել զուգարանում ծեծելով մարդ սպանելու դեպքի մասին, «Մարտի 1»-ի դեպքերի մասին, չէի՞ն ուզում հետևողական լինել, որպեսզի այդ դեպքերը բացահայտվեն: Հարություն Մկրտչյանը հայտարարություն է արել, Հարություն Մկրտչյանը հո՞ խոշտանգման չի ենթարկել այդ մարդուն: Այդ մարդիկ մի քանի գրոշ ավել գրանտ պոկելու խնդիր են իրենց առաջ դրել ու նկարս վերցնելով ու թափահարելով՝ դեսպանատները իրենց կա՛մ կշռայլեն, կա՛մ չեն շռայլի: Ես լուրջ չեմ վերաբերվում, ուղղակի նկատեցի, որ փորձ է արվում նաև իրավապահ համակարգին մոլորեցնել: Իրավապահները որպեսզի այդ բանալի բառերի մեջ չխճճվեն, ես ուղղորդում եմ, թե ինչ եմ նկատի ունեցել հայտարարությունն անելով»,- ասում է նա:

Հերմինե Կարապետյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ