Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի կարծիքով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ հանրային տրանսպորտում դրսևորումը խուլիգանական վարքագիծ է:

«Սրա գնահատականը պիտի տան իրավապահները. եթե հապաղեն, ապա, բնականաբար, խնդիրները ՀՀ-ում հանգում են լուծման այս տարբերակին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Ըստ քաղաքագետի՝ խնդիրն այս պահին բացառապես իրավապահների տիրույթում է. «Հուսով եմ՝ պատշաճ գնահատական կտրվի, կոպիտ և կոշտ, որպեսզի հետագայում նման դեպքերը կանխենք, այլապես ձնագնդիի էֆեկտով շատանալու են, մեծանալու, ու այս մարդիկ հասկանալու են, որ անպատժելի են, կարող են խնդիրները այս մեթոդով կարգավորել: Եթե իրավապահները համարժեք կերպով չպատասխանեն, ուրեմն պետք է անցնենք նրանց դաշտ և հետները խոսենք իրենց սիրած մեթոդներով, իսկ իրենց մեթոդները բոլորիս հայտնի են. պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում «Պռիվետ Ռոբ»-ի համար մարդկանց սպանելը»,- նկատում է Մկրտչյանը:

Զրուցակցի համոզմամբ՝ քաղաքական հայացքների համար մարդիկ չպիտի ենթարկվեն ճնշումների, առավել ևս՝ հարձակումների. «Որևէ պարագայում որևէ բռնություն, խուլիգանական վարքագիծ չի կարող արդարացում ունենալ: Ինչ է նշանակում՝ «նիկոլական պատգամավոր է», իսկ հիմա հարցը ուղղում եմ նույն «նիկոլական պատգամավորներին» և «նիկոլական իշխանությանը»՝ երկա՞ր է այս մթնոլորտը շարունակվելու ՀՀ-ում»:

Միաժամանակ քաղաքագետը մեկ այլ խնդիր էլ է տեսնում, երբ հայհոյախառը բառապաշարով փորձում են հարցեր լուծել:

«Կարծես թե ոմանք ժողովրդավարությունը շփոթում են ամենաթողության և լկտիության հետ, երբ քաղաքական տարբեր դեմքերի թիրախավորում են ու փորձում հայհոյախառը բառապաշարով նրանց հետ ինչ-որ հարցեր լուծել: Կոչ եմ անում օրենսդիրին, որ ՀՀ-ում վերադարձնեն հայհոյանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան, որովհետև ո՛չ հայհոյանքը, ո՛չ բռունցքները հարցեր լուծելու առումով ՀՀ-ում չեն կարող դեր խաղալ: Եթե հարցերը պետք է լուծվեն այս ճանապարհով, ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պատրաստ է իր բռունցքները քորել ինչ-ինչ պատգամավորների վրա»,- նշում է նա:

Վերջինիս խոսքով՝ այս դրսևորումները պայմանավորված են նախկինում չտրված քաղաքական, իրավական գնահատականի բացակայությամբ:

«Երբ որ զուգարանում մարդ ծեծելու համար քրեական գործը վերաբացվում է, ու կոնկրետ մարդիկ դրա համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, երբ որ «Մարտի 1»-ի գործը վերաբացվում է, ու էլի ոչ ոք չի հայտնվում ամբաստանյալի աթոռին, առնվազն նրանց «շերեփուկները» պիտի ակտիվանան մի քանի գրոշի դիմաց, սա իշխանության տիրույթում գտնվող հարց է: Այս նորաթուխ խուլիգանը, որ հայտնվել է հասարականական տրանսպորտում, ո՞ւմ հետևորդն է, ընդդիմադիր ո՞ր խմբակի ներկայացուցիչն է՝ դաշնակցությա՞ն, «Պատիվ ունեմ»-ի՞, թե՞ «Հայաստան» դաշինքի: Ես համոզված եմ՝ վերջին 2-ից մեկը պիտի լինի, առնվազն նրանց լեքսիկոնն է մեջբերվել: Իսկ այդ քաղաքական ուժերի պարագլուխներն ովքե՞ր են՝ տարիներ շարունակ ՀՀ-ի և նրա ժողովրդի նկատմամբ դավաճանական ակտեր իրականացրած քաղաքական գործիչներ»:

Մկրտչյանի կարծիքով՝ այս մարդկանց կառուցողական դաշտ բերելը անհնար է. «Եթե մարդիկ սնվում են ինչ-ինչ 3-րդ ուժերից, օտարերկրյա հատուկ գործակալական ցանցի անդամ են, նրանց հանդեպ բացառապես իրավապահ համակարգը պիտի գործի շատ կոպիտ, շատ կոշտ մեթոդներով, որպեսզի մնացածի համար դաս լինի, որ որևէ նորաթուխ խուլիգան՝ փողոցի անկյունում կանգնող ու թզբեհ քաշող հանցագործ, մտքի ծայրով անգամ չանցկացնի քաղաքական հայացքների համար մարդկանց թիրախավորել և անգամ հասարակական տրանսպորտում չխորշել ու խուլիգանական դրսևորումների գնալ: Այս երկրում պե՞տք է ի վերջո գործի օրենք, պե՞տք է իրավապահները ոչ թե բերման ենթարկեն ու 3 ժամ հետո նմանատիպ խուլիգանների բաց թողնեն, այլ օրենքի ողջ խստությամբ պատժեն, որպեսզի նախադեպ լինի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ