Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Քաղաքագետ Էդգար Առաքելյանի կարծիքով՝ այս շրջանում, երբ Հայաստանի շուրջ բարձրացվում են տարբեր խոսակցություններ՝ գյուղերի վերադարձի, մոտալուտ պատերազմի, կրկին ընդգծվում է Եվրամիության հետ հարաբերությունների կարևորությունը։

Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները աշխարհաքաղաքական առումով անվտանգային և տնտեսական հարաբերությունների համակարգում նոր հնարավորություններ են ընձեռում։

«Արևմուտքի հետ հարաբերությունները համապարփակ բնույթ պետք է կրեն։ Հաշվի առնելով այն իրավիճակը, որում հիմա հայտնվել է Հայաստանը, շատ կարևոր դիրքում պետք է լինի համագործակցությունը ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ։ Արևմուտքից Հայաստանին պաշտպանելու կոչերը հնչեցնելիս նշվում է հատկապես երկրի ժողովրդավարությունը պաշտպանելու մասին։ Դա քաղաքակրթական ընտրությունն է, որն արվել է արևմտյան կողմից։ Եվրամիության հետ հարաբերությունների արդյունքները տեսնում ենք, մասնավորապես՝ կարևոր է ԵՄ դիտորդական առաքելությունը։ Այն պահից, ինչ առաքելությունը Հայաստանում է, զգալիորեն նվազել են սահմանային լարումները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջինիս նկատում է՝ այս ամենի հետևանքով է, որ ադրբեջանական կողմը շարունակում է մեղադրանքներ ուղղել թե՛ Արևմուտքին, թե՛ ԵՄ-ին։

Առաքելյանի խոսքով՝ Ադրբեջանը հատկապես «շատ ծանր է տանում» ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համատեղ հանդիպումը։

«Ադրբեջանը մտահոգված է այդ փաստով, քանի որ դա է իրեն զսպող միակ գործոնը։ Նա հասկանում է՝ Հայաստանը որքան մոտենում է Արևմուտքին, այնքան մեր անվտանգությանը սպառնալու դեպքում հանդիպելու է բազմաթիվ խնդիրների։ Մենք հստակ գնում ենք նոր անվտանգային ու տնտեսական քաղաքական համակարգի հետևից։ Եթե նախկինում դա ՌԴ-ի հետ էր կապված, ապա հիմա ձևավորվում են փոխադարձ շահերի ու ինտեգրացիայի հստակ մեխանիզմներ․ անվտանգության բարձրացում, Ադրբեջանի դեմ սանկցիաներ»,- կարծում է զրուցակիցը:

Քաղաքագետը, բացի անվտանգային հարցերից, կարևորում է տնտեսական բաղադրիչը․ «Մեր տնտեսության զգալի մասը կախված է Ռուսաստանից, հիմա հնարավորություն կա այդ ոլորտը կապել նաև Եվրամիության հետ։ Անհրաժեշտ է տնտեսական դիվերսիֆիկացիան․ ԵՄ-ն պետք է բացի շուկան Հայաստանի համար, ինչպես դա ժամանակին եղավ Վրաստանի դեպքում։ Կա այնպիսի ռեժիմների կարիք, որով հայկական արտադրողները իրենց ապրանքը կներմուծեն այլ շուկա, դրանով կնվազեցվի նաև կախվածությունը ռուսական շուկայից»։

Այդ կախվածությունը, որի մասին նշում է Առաքելյանը, վերաբերում է հատկապես պարենային ապրանքների ներմուծմանը. Գազ, ցորեն, վառելիք․ այս ապրանքներով ՌԴ-ն մոնոպոլիայի հնարավորություն ունի, որով ազդում է ՀՀ-ի վրա․ «Նշված ապրանքներով մեր երկիրը ինքնաբավ չէ, և այսօր Եվրամիությունն առաջարկում է որոշակի աջակցություն, որպեսզի այդ կախվածությունը ՌԴ-ից չլինի։ Սա ուղղված է երկրի դիմադրողականությունը բարձրացնելուն»։

Վերջինս կանխատեսում է, որ Հայաստանի դիմադրողականության վրա դրական ազդեցություն կթողնեն նաև վիզաների ազատականացման հարցի լուծումը և ԵՄ անդամակցության թեկնածությունը։ Այս հարցերը, զրուցակցի խոսքով, կարևոր են թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական տեսանկյունից։ Ըստ նրա՝ այժմ Հայաստանին առաջարկվում է թեկնածության հարցը, նույն կարգավիճակով, ինչ ստացավ Վրաստանը, և սա համարվում է հարաբերությունների նոր մակարդակի բարձրացում։

Առաքելյանի նկատառմամբ՝ Ռուսաստանը մինչև 2024 թվականը իր առջև Հայաստանի նկատմամբ միայն մեկ նպատակ է դրել. «Հայաստան-Արևմուտք հարաբերություններին դեմ են միայն Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանում գործող հինգերորդ շարասյունը։ Պարզ է, որ այդ շարասյունը օգտագործվում է մեր պետականության դեմ։ Մասնավորապես՝ վերջին օրերին Տավուշի մարզի գյուղերի ակտիվ քննարկումը դաշտ բերվեց ոչ թե ադրբեջանական կողմի, այլ ռուս-ադրբեջանական դաշինքի կողմից, որին նաև այդ շարասյունն է ձայնակցում։ Այս բոլոր խոսակցությունները, քայլերը կսրվեն և՛ մինչև ապրիլի 5-ը, և՛ դրանից հետո, քանի որ Ռուսաստանը նպատակ ունի ամեն գնով գնալ նրան, որ Հայաստանում տեղի ունենա հեղաշրջում, իշխանափոխություն․ կգան նոր ուժեր, կհրաժարվեն Արևմուտքից, ԵՄ-ից, կգնան նորից դեպի ՌԴ-ի տիրույթ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ