Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

Ինչպես հայտնի է, մի քանի օրով Լեռնային Ղարաբաղի նախագահի աթոռին հայտնված և ԼՂ-ն սկուտեղի վրա Ադրբեջանին հանձնած Սամվել Շահրամանյանը կրկին հիշեցնել է տվել իր մասին՝ այս անգամ էլ միջազգային մամուլում անելով հայտարարություններ՝ դրանով հարվածի տակ դնելով Հայաստանի վարկն ու հեղինակությունը, ինչպես նաև՝ անվտանգությունը:

Բանն այն է, որ Շահրամանյանը ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում պնդել է, թե ԼՂ վտարանդի կառավարությունը գործում է Երևանում:

Հարցադրմանը, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, նա պատասխանել է, որ՝ այո, այն շենքում, որտեղ ինքը հյուրընկալել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, գտնվում է Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները:

Նա վստահեցրել է, թե խորհրդարանականները կարող են հավաքվել այդտեղ և քվեարկել: Բացի այդ՝ վերջինս հիշեցրել է, թե հոկտեմբերին ստորագրել է հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները կամավոր հիմունքներով մնում են իրենց պաշտոններում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ այս մարդիկ, պարբերաբար առաջ բերելով վտարանդի կառավարության մասին հայտարարությունները, նպատակ ունեն Հայաստանում որոշակի լարվածություն առաջացնելու:

«Փորձում են Հայաստանում ներքաղաքական հարցեր առաջացնել և հայ-ադրբեջանական կոնֆլիկտը հնարավորինս ավելի սրել ու տաք պահել։ Սա է նրանց հայտարարությունների նպատակը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Իոաննիսյանը:

Վերջինս այն համոզմանն է, որ այս մարդիկ չեն ցանկանում, որ տեղի ունենան բանակցությունները, և կոնֆլիկտները լուծվեն:

«Անցյալ տարվա ամռանը, երբ Արայիկ Հարությանը ուզում էր փորձել բանակցել Ադրբեջանի հետ, և երբ Սոֆիայում նշանակված բանակցություններ կային, Ղարաբաղի ընդդիմությունը ի վերջո հասավ նրան, որ Հարությունյանը հրաժարական տա, արգելեցին, որ այդ բանակցությունները տեղի ունենան։ Չցանկացան բանակցել ԱՄՆ աջակցության ներքո։ Եվ այժմ էլ ցույց են տալիս, որ չեն ցանկանում բանակցություններ, հարցի լուծում: Նպատակն այն է, որ կոնֆլիկտը լուծում չունենա, չեն ուզում դա»,- տեսակետ է հայտնում զրուցակիցը:

Իոաննիսյանը նաև կարծում է, որ Հայաստանի ընդդիմությունը, ԼՂ նախկին իշխանության ներկայացուցիչները և Ռուսաստանը գործում են համատեղ. «Նրանք իրենց գործողությունները ամբողջությամբ սինխրոնիզացնում են»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգողը պնդում է, որ այս հայտարարությունները չպետք է բարձր մակարդակով ուշադրության արժանանան:

«Սամվել Շահրամանյանը Հայաստանում ընդամենը հասարակական գործիչ է։ Մեր երկրում էլ կա խոսքի ազատության իրավունք, ուստի ինչ ցանկանում է, դա էլ կարող է ասել։ Այո, մեկը կարող է բնակարան վարձել, հայտարարել, օրինակ, որ ինքը այլմոլորակայինների լիազոր ներկայացուցիչն է, այսինքն՝ ինչ ուզում, ասում է»,- նկատում է նա:

Վերջինս բացառում է, որ նման խոսակցությունները, օրակարգ բերելով, կարող են խափանել ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող՝ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդիպումը. «Չեն կարող, դա միանշանակ է, ինչ էլ փորձեն։ Իսկ լարվածություն կարող են ստեղծել այլ գործողություններով»:

Այնուամենայնիվ, Իոաննիսյանը կարծում է, որ համապատասխան մարմինները պետք է ուշադրության կենտրոնում պահեն Շահրամանյանի վարքագիծը և հայտարարությունները:

«Շահրամանյանի պահվածքը Բակո Սահակյանի շրջապատի պահվածքն է՝ Սերժ Սարգսյանի և այլոց։ Դա պետք է որոշ դեպքերում գրավի համապատասխան մարմինների ուշադրությանը»,- ասում է նա:

Նկատենք, որ Շահրամանյանի այս հայտարարություններին նաև արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Ուզում եմ, որ այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, և անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր, նաև ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի արտաքին ուժերը որոշ շրջանակների՝ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ