Դավիթ Շահնազարյանի և ՀՀԿ-ի համար, կարծես թե, ընտրությունները վաղուց տապալված են: Այս մասին համերևանյան երթին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե համերևանյան երթը նպատակ ունի տապալելու ընտրությունները:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ընտրություններից հետո միանձնյա կառավարություն կձևավորեն, թե՞ ազգային համաձայնության կառավարություն կլինի, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը, պետք է լինի հստակ ժողովրդի ուժեղ մանդատով օժտված կառավարություն»: Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» կուսակցության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե նոր ձևավորվող խորհրդարանը 1-1,5 տարվա կյանք է ունենալու, քանի որ հեղափոխության հիմնական առանցքային խոստումները չեն կատարվել` ԸՕ-ն չի փոխվել, ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն պատժվել, ՀՀԿ-ն չի հեռացվել քաղաքականությունից, վարչապետի պաշտոնակատարն ասաց.
«Բա ի՞նչ ենք արել, սևաթույր պաստառները չե՞ք տեսել…Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այն ընտրվում է ամբողջ ժամկետով գործելու համար, ոչ մեկը չի կարող ժողովրդի փոխարեն որոշել: Խորհրդարանը լինելու է լեգիտիմ, որովհետև ընտրությունները լինելու են ազատ, արդար, թափանցիկ: Հայաստանն արդեն իսկ հեղափոխությունից հետո ազատ համացանց ունեցող երկիր է, և միջազգային կառույցներն արձանագրում են, որ Հայաստանում խոսքի ազատությունն աննախադեպ բարձր մակարդակի է: