Հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի դիմադրողականության հարցում Ձեր ցուցաբերած աջակցության համար․ Փաշինյանը՝ Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ասուլիսի ընթացքում շնորհակալություն հայտնեց Մակրոնին՝ հրավերի և Միսաք Մանուշյանի աճյունը պանթեոնում ամփոփելու արարողության համար։

Նկատեց՝ սա ցույց է տալիս երկու երկրների և ժողովուրդների միջև առկա հարաբերությունների խորքը։ «Պետք է ընդգծեմ նաև՝ այս տարի նման մի շատ խորը կոնտեքստ ունեցող իրադարձություն ունենք։ Այս տարի լրանում է Շառլ Ազնավուրի 100-ամյակը։ Հույս ունեմ, որ սեպտեմբերին Երևանում մենք միասին կմասնակցենք Ազնավուրի 100-ամյակին նվիրված գալա համերգին և ուզում եմ, պարոն նախագահ, ևս մեկ անգամ ընդգծել իմ հրավերը՝ պետական այցով ՀՀ այցելելու», — ասաց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց նաև Մակրոնի ներդրումը՝ Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձևավորելու գործում։ Հիշատակեց Պրահայի քառակողմ հանդիպումը, որտեղ նշվել են խաղաղության և կայունության սկզբունքային անկյունաքարերը։

«Պարոն նախագա՛հ, հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի դիմադրողականության հարցում Ձեր ցուցաբերած աջակցության համար», — ասաց վարչապետն ու նշեց, որ ՀՀ-ն ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու այս առումով Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չի կարող անհանգստություն առաջացնել, որովհետև ՀՀ-ի միակ խնդիրը տարածաշրջանում բալանս ձևավորելն ու միջազգային հանրության կողմից ճանաչված իր տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելն է։

Փաշինյանը նկատեց, որ Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերությունների դինամիկ փուլ է մտնում, և այստեղ էլ ընդգծեց Մակրոնի և Ֆրանսիայի հատուկ դերը այս գործում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ