Որոնք են բուժաշխատողների նկատմամբ բռնության պատճառները. Նարեկ Զեյնալյանը դիմել է Գլխավոր դատախազություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը դիմել է Գլխավոր դատախազություն՝ տեղեկանալու, թե վերջին երեք տարվա ընթացքում առողջապահության ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքերով քանի՞սն են արժանացել պատշաճ իրավական գնահատականի։

Պատգամավորի՝ նման հարցման դրդապատճառը վերջին շրջանում Հայաստանում բուժաշխատողների, հատկապես Շտապօգնության բժիշկների նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքերի աճն է:

Մասնավորապես՝ 2024 թվականի առաջին 15 օրվա ընթացքում նմանատիպ երկու դեպք է գրանցվել, երկուսի դեպքում էլ բժիշկների նկատմամբ բռնություն էին կիրառել պացիենտի հարազատները․ առաջինը հունվարի 13-ին էր տեղի ունեցել, երբ 41-ամյա բուժառուն Շտապօգնության բժշկից պահանջել էր իր նախընտրած դեղը ներարկել, մերժում ստանալուց հետո հայհոյել, ապա վիրավորել էր Շտապօգնության անձնակազմին, որից հետո նրա որդիները ծեծել էին բժշկին։ Բժշկի մոտ ախտորոշվել էր ուղեղի ցնցում, քթի սալջարդ։ Երկրորդ դեպքը գրանցվել էր հունվարի 16-ին, երբ քաղաքացու կանչով մեկնած Շտապօգնության խմբին կրկին բռնության էին ենթարկել օգնության կարիք ունեցող անձի որդիները: Նրանք բժիշկների առջև փակել էին սենյակներից մեկի դուռը, դանակով սպառնացել, որ ամեն գնով փրկեն իրենց մոր կյանքը:

«Դատապարտելի է նման վարքագիծը իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող անձանց նկատմամբ, ընդ որում՝ լինի բռնություն, թե հոգեբանական ճնշում։ Այդ նույն բուժաշխատողներն իրենց հարազատի կյանքը փրկելու համար են կանչի գնացել, չպետք է արժանանան նման վերաբերմունքի։ Ես Դատախազություն դիմել եմ հենց այդ նպատակով՝ իմանալու՝ եղե՞լ են արդյոք նման դեպքերով դատական որոշումներ, քրեական օրենսգրքի հոդվածները որքանո՞վ են կիրառելի։ Օրենսգրքում նոր փոփոխությունների կամ հոդվածների խստացման վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել նաև արդարադատության նախարարի հետ, որ հնարավորինս կանխենք նման դեպքերը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է պատգամավորը:

Զեյնալյանը կարծում է, որ բժշկի հանդեպ բռնության պատճառները գուցե հանրային ընկալման սխալ հետևանքով են:

«Բնակչության մոտ ընկալման հարց է, չեմ կարծում՝ պատիժը խստացնելը ամբողջությամբ կանխարգելիչ կլինի։ Հարազատի հետ է կապված, էմոցիոնալ ֆոն է առաջանում, և տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում։ Ամեն դեպքում, բոլոր նման դեպքերով, երբ բժիշկը ենթարկվել է բռնության, Շտապօգնությունը հասել է ճիշտ ժամանակին»,- ասում է նա։

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, սակայն, չի բացառում, որ երբեմն բռնության հրահրումը կարող է բժշկի մեղքով լինել. նա օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ պատճառներով տրվի սադրանքներին. «Պետք է անընդհատ խոսել, բացատրել։ Առողջապահության գերատեսչությունը ևս պետք է հանդես գա տարբեր նախաձեռնություններով, որպեսզի մարդկանց մոտ ընկալումը փոխվի։ Իրավական համակարգը միայն արձանագրում է տեղի ունեցածը, հետո՝ գործողությունները կիրառում, բայց անհրաժեշտ է կանխել, որ արձանագրելու ու գործողություն կիրառելու կարիք չլինի»։

Նկատենք, որ Հայաստանի նախկին քրեական օրենսգրքում կար հոդված, համաձայն որի՝ բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել էր նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում էր կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով։ Գործող քրեական օրենսգրքում, սակայն, բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ առանձնացված հոդված չկա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ