Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն ինչը մրցունակ չէ, ինչը որ հետ է տանում հասարակությանը՝ դրա դեմ հակակշիռ ունենանք․ Խաչատուր Սուքիասյան

«Այժմ 2023 թվականն է, բոլորս գիտակցում ենք, որ հեռուստաընկերության դերը նվազում է տարիների ընթացքում, նրանց փոխարեն գալիս են օգտատերեր, որոնք իրենց տարբեր կարծիքներն են համապատասխան հարթակներում տարածում, այդտեղ ոչ մի վերահսկողություն չկա և կարող ենք ասել, որ այսօր հասարակության ավելի ակտիվ տոկոսն օգտվում է սոցիալական հարթակներից, քան հեռուստաընկերություններից»,- այս մասին ԱԺ հերթական նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Սուքիասյանի խոսքով՝ հասարակությանը պետք է ուղղորդել հեռուստաընկերությամբ. «Մենք քննարկում ենք մի փոքր կտոր, որը վերաբերում է հեռուստաընկերություններին, բայց չենք քննարկում այդ հարթակները հաշվի առնելով, որ դեռ դրա խնդիրը լուծված չի: Եթե մենք ուզենանք սոցիալական գովազդներով հասարակությանն ուղղորդել, հասարակությանն օգնել, որպեսզի այդ հասարակության այս կամ այն մասնագետը, այս կամ այն անդամն այս կամ այն ընտրությունը կատարի և դրանով իր ապագա բարեկեցությունն ապահովի, ինքն ավելի պահանջված լինի, ավելի մրցունակ լինի, մենք ունենք միայն այդ հարթակը` դա հեռուստաընկերությունն է»:

Հարցն ուղղելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Նունե Հախվերդյանին՝ Սուքիասյանն ասաց. «Կուզեմ այս թեմաների շուրջ ձեր կարծիքը հայտնեք՝ մենք ի՞նչ ունենք անելու ապագա մեկ, երկու, երեք տարում, որպեսզի մեր հասարակությանն այն ճանապարհով ուղեկցենք, որ մեր հասարակության ցանկացած անդամ իր մասնագիտության ընտրության մեջ, իր վարքագծով մրցունակ լինի»:

Նունե Հախվերդյանն արձագանքելով նշեց. «Դուք ամենաակտուալ հարցը տվեցիք, թե ինչ կարելի է անել, պետք է ընդունենք, որ հեռուստադիտումները ողջ աշխարհում են նվազել՝ հատկապես Հայաստանում․ որքան բազմազան են հարթակները, այդքան մեծ կառույցների՝ ինչպիսինն է հեռուստաընկերությունը, դիտողականությունը կնվազի: Թիրախային լսարանների հետ աշխատելն ուղղակի մարտահրավեր է հեռուստաընկերությունների համար, որովհետև ամեն ինչի մասին հիմա իրենք դժվար կարողանան խոսել, իրենք պետք է շուկային ավելի համահունչ աշխատեն և առաջին հերթին ընդունեն, որ իրենց քիչ են դիտում և իրենց արտադրանքը բավական ուշանում է: Իհարկե, հեռուստաընկերությունները ճգնաժամի մեջ են»:

Խաչատուր Սուքիասյանը շարունակելով՝ նշեց. «Հանձնաժողովը պետք է որոշակի դիտարկում անի՝ մենք ուր ենք ուզում մեր հասարակությանն ուղղորդել․ այսօր հեռուստաընկերություններն ուշանում են, իհարկե նրանց տված որակն այլ է, հարթակներում եղած որակը՝ այլ, բայց մենք այդ հակակշիռը պետք է լինենք, մենք պետք է ճիշտ փոխանցենք մեր հասարակությանը, մենք պետք է ամեն օր ամեն ինչ անենք, որ այն ինչը մրցունակ չէ, ինչը որ հետ է տանում հասարակությանը, դրա դեմ հակակշիռ ունենանք և սրանով պետք է համապատասխան կառույցները զբաղվեն, թեկուզ և պատվիրեն այլ մասնագիտական կառույցների, որպեսզի այդ հակակշռող հատվածը լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ