Ադրբեջանը միջազգային հանրության աչքերին թոզ է փչում, հետո զարմանում, որ իրեն քննադատում են. նրանք պետք է հասկանան՝ այդ մարտավարությունը երկար կյանք չունի

«Ինչո՞ւ մենք պետք է քննարկենք, թե ինչ է ուզում Ադրբեջանը,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք մեծածավալ զենքի գնումը Ադրբեջանի կողմից չի՞ նշանակում արդյոք, որ այդ երկիրը չի ուզում խաղաղության պայմանագիր կնքել:- Մենք պետք է քննարկենք, թե մե՛նք ինչ ենք ուզում. եկեք մեզ հարց տանք. մենք ի՞նչ ենք ուզում: Իմ կարծիքով՝ մեր ուզածն այն է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի: Եվ եթե Ադրբեջանի հայտարարությունները ուղղակի հայտարարություններ չեն, PR չեն, միտված չեն միջազգային հանրության աչքերին թոզ փչելուն, դա պետք է ամրապնդված լինի գործողություներով. ռեալ քայլեր են պետք: Միջազգային հանրության աչքերին թոզ փչել, հետո զարմանալ, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, ԵՄ տարբեր երկրները քննադատում են. կարծում եմ՝ մեր գործընկերները պետք է հասկանան, որ այդ մարտավարությունը երկար կյանք չունի»:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, դրա ապացույցի համար կան բազմաթիվ քայլեր՝ սկսած գերիների ազատ արձակումից:

ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ հայկական կողմը քննարկում է բոլոր տարբերակները, այդ թվում նաև սահմանին խաղաղության բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. «Հայաստանյան կողմը ավելի քան կառուցողական է նման հարցերում, և մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմը ևս կկարողանա իրեն թույլ տալ համարձակ քայլերի գնալու»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ