Արևմուտքը կորցրել է իր բարոյական առավելությունը մերձավորարևելյան հակամարտության ֆոնին. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Արևմուտքն ամբողջությամբ կորցրել է իր բարոյական առավելությունը մերձավորարևելյան հակամարտության ֆոնին, և տարածաշրջանի երկրները պետք է հավաքական ճնշում գործադրեն Իսրայելի վրա։ Համապատասխան հայտարարությունը նա արել է խորհրդարանում լսումների ժամանակ, որտեղ քննարկվել է արտաքին քաղաքական գերատեսչության 2024 թվականի բյուջեի նախագիծը։

«Կարևոր է, որ տարածաշրջանի երկրները միասնական արձագանք ցուցաբերեն Իսրայելի գործողություններին և հավաքական ճնշում գործադրեն նրա վրա: Արևմուտքը լիովին կորցրել է իր բարոյական գերազանցությունը ներկա իրավիճակում: Եվ այս կետից ավելի հեռուն շարժվելու տեղ չկա: Արևմուտքի լռությունը Իսրայելի և Գազայում դաժանությունների նկատմամբ կնպաստեն այլ ճգնաժամերի առաջացմանը և կհանգեցնեն անկանխատեսելի դաշինքների ձևավորման»,- Ֆիդանի խոսքերը փոխանցում է Anadolu գործակալությունը։

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ Մերձավոր Արևելքում ընթացիկ իրավիճակում Թուրքիան «ինտենսիվ դիվանագիտական աշխատանք է տանում տեղում և բանակցությունների սեղանի շուրջ՝ լայն իմաստով օգտագործելով փափուկ և կոշտ ուժի տարրերը»։ Նրա խոսքով՝ Անկարան, ինչպես նախկինում, համոզված է, որ հակամարտության լուծումը երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի (Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով) միասին գոյություն ունենալու սկզբունքի մեջ է։

Ֆիդանն ընդգծել է, որ այս պահին Թուրքիան արդեն 11 ինքնաթիռ է ուղարկել Եգիպտոս՝ Գազայի հատվածի համար մարդասիրական օգնությամբ (այն ներառում է դաշտային հոսպիտալներ, բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ)։ Երկիրը շարունակում է երկխոսություն պահպանել այս թեմայի շուրջ և ջանքեր գործադրել Գազայից պացիենտներին բուժելու համար։

Բացի դրանից, նախարարի խոսքով, Թուրքիայի 170 քաղաքացի հարազատների հետ կարողացել են լքել Գազայի հատվածը։ Հատվածից տարհանումը կշարունակվի առաջիկա օրերին, հստակեցրել է Ֆիդանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ