Հավիտյան դատապարտված չենք ՀԱՊԿ-ի գոզահոտին, ղալաթ են անում Ֆրանսիայի հետ համագործակցության դեմ խոսողները. Կոռնիձորի Արո

ԵԿՄ հիմնադիր անդամ, ԼՂ առաջին պատերազմի մասնակից, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը դրական է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև նոր ռազմատեխնիկական համաձայնագրի ստորագրումը, ինչը, նրա խոսքով, հայկական կողմին հնարավորություն կտա ունենալ ֆրանսիական նոր տեխնիկա, որը ՌԴ-ի հետ կապ չի ունենա:

«Սրա առկայությունը մեզ համար այնքանով է դրական, որ մեզ թույլ կտա դիմակայել և ճնշել մեր հակառակորդին: Սրանք առաջնային քայլեր են, որոնք հետագա զարգացումների խնդիր ունեն, ինչպես ասում են՝ «մի ղուշը բերում է մեկ այլ ղշի», սա շարունակվող պրոցես կլինի»,- նկատում է նա:

Հարցադրմանը՝ շեշտը հիմնականում դրվում է պաշտպանական զինատեսակներ ձեռք բերելու վրա, արդյոք առաջնային չէ՞ նաև հարձակվողական բնույթի զենք-զինամթերքի ձեռքբերումը, վերջինս արձագանքում է. «Որպես պատերազմի մասնակից հրամանատար՝ կարող եմ ասել, որ պաշտպանողական յուրաքանչյուր զենք պահի թելադրանքով կարող է դառնալ նաև հարձակողական»:

Անդրադառնալով նրան, որ, կնքված համաձայնագրի կետերից մեկի համաձայն, Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ զինված ուժերի համար, Արա Խուդավերդյանն ասում է, որ սա ևս մեզ և մեր բանակին շատ բան կտա. «Որքան շատ գրագետ ռազմական կադրեր՝ տեխնիկայից գլուխ հանող, այնքան հաջողություններ ռազմական գործընթացում, առավել ևս՝ պատերազմական»:

Նա կարծում է, որ Հայաստանն այժմ ճիշտ ուղու վրա է, և դրա մասին են վկայում Մոսկվայից եկող «վայնասունները»:

«Որպես հայոց անկախ պետականություն՝ մեր փոքրիկ քայլերն ենք անում, և ՌԴ-ն, ինչպես միշտ, «վա՜յ-վա՜յ хорошо, վո՜ւյ-վո՜ւյ плохо» տարբերակն է կիրառում մեր դեմ: Երբ մենք պառկած ենք իր ոտքերի տակ, և ինքը ոտքը մաքրում է, «это хорошо», իսկ երբ մենք խփում, ոտքը ջարդում ենք, որ վրեքներս ոտք չմաքրի, արդեն վո՜ւյ-վո՜ւյն ա, «плохо», էլի»,- ասում է նա:

Նրա համոզմամբ՝ դատելով ռուսական նենգ հովազային պահվածքից, որը ծառի վրա նստած սպասում է, որ զոհի հետևից հարձակվի և մագիլները մտցնի՝ ՌԴ-ից ամեն մի կանխատեսվող և չկանխատեսվող բան պետք է սպասել. «Ինչպես մոտ օրերս «կուկլաների» հաղորդաշարն էր, որ «ամուլ եզին» տարել էին, և այդ կռնատով՝ իր առաջնորդով հանդերձ, կարողացան ևս մեկ անգամ վարկաբեկել Հայոց պետականության անկախ դերակատարումը: ՌԴ-ն իր բոլոր օգտագործած և «փորձիր ևս» տարբերակներով իր համար օգտագործվող «տրյապկաները» կհանի ջրի երես, որպեսզի աշխարհին ու համայն հայությանը ցույց տա իր երեսը: Հայությունն արդեն մեջքով է շուռ եկել ՌԴ-ին: Ժամանակ առ ժամանակ մենք պետք է իրենց ցույց տանք իրենց տեղը, անելիքները»:

Վերադառնալով ստորագրված համաձայնագրին՝ Խուդավերդյանը ևս մեկ անգամ ընդգծում է՝ այն, ինչը խոսում է Հայոց պետության և պետականության շահերից, ՀՀ-ն՝ իշխանությունների ձեռքով, պետք է գնա դրանց. «Հայաստանը զագս չի ընկել ՀԱՊԿ-ի, կամ մյուսների հետ և հուր-հավիտյան դատապարտված չէ ՀԱՊԿ-յան գոզահոտին ու այդ տերություններին: ՀՀ-ն պետք է քայլի իր պետության շահերին համահունչ, ու ղալաթ են անում այն «գերի ընկած հարսի» կարգավիճակում գտնվող մարդիկ, ովքեր փորձում են որպես այս կամ այն երկրի ագենտուրա դատապարտել կամ բացասական կարծիքներ հայտնել պետականությունն ամրագրելու, պահելու գործընթացների շուրջ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ