Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Ժողովրդավարության դպրոցի» 1-ին հոսքի շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփման ժամանակ։

«Ժողովրդավարության դպրոցն իրականում սովորելու մասին է, բայց սովորեցնելու մասին չէ, որովհետև, երբ որ մենք քննարկել ենք այս նախագիծը և այն մարդիկ, որոնք եկել են դասախոսելու, իրենք սովորելու առնվազն նույնքան կարիք ունեն և սրա մեջ չափազանցություն չկա։

Այս ֆորմատով քննարկումը ունի շատ կարևոր գործնական և կիրառական նշանակություն»,- ասել է վարչապետը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, ընդհանրապես պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից, կարողանալ ձևակերպել հարցը, հավաքագրել հարցի պատասխանի համար անհրաժեշտ բոլոր փաստերն ու հետևել դրանց, օբյեկտիվ առնչվել այդ փաստերի ու փաստարկների հետ, անել եզրակացություններ, որոնք հենվում են փաստերի վրա, որպեսզի իրականության մեջ ինֆորմացված որոշումներ կայացնելը դառնա պարզապես բնավորության գիծ, մենթալիտետ։

«Շատ կարևոր է, որ օրենքը, օրինականությունն ու իրավակարգը մարդը չընկալի որպես իր ազատությունները կաշկանդող հանգամանք, որպես իր համար դժվարություններ ստեղծող հանգամանք, այլ դա լինի կենսակերպը, կենցաղի իր ընկալումը։ Սա մի խնդիր է, որը լուծելու համար անհրաժեշտ է անցնել ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց։ Այստեղ է, որ մենք մնացել ենք աքսիոմի մեջ, մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ։ Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով»,- ասել է վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ