Արայիկ Հարությունյանը առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից․ նոր ուշագրավ մանրամասներ

Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը՝ հայտնելով ուշագրավ մանրամասներ:

«Երեկ տեղեկացրել էի, թե ինչպես են առևանգվել և Բաքու տարվել Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը: Նրանց հետ է եղել նաև Դավիթ Իշխանյանը: Ավելացնեմ մեկ դետալ ևս: Երբ ռուսները պարոն Ղուկասյանին, Սահակյանին և Իշխանյանին ռուսական բազայից հանել են, նրանք մեկնել են Արցախի ՆԳ նախկին նախարար Կարեն Սարգսյանի Ստեփանակերտի տուն, որտեղից էլ ադրբեջանական ԱԱԾ ստորաբաժանումը առևանգել/գերեվարել է նրանց ու տարել Բաքու:

Իսկ ահա Արայիկ Հարությունյանը առևանգվել է Ստեփանակերտի Կոնյակի գործարանից, որի բաժնետերներից մեկն ինքն է: Մեր տեղեկություններով, պարոն Հարությունյանը ձերբակալվելուց առաջ կապվել է Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարի տեղակալի հետ և առաջարկներ արել…

Կարճ ժամանակ անց ադրբեջանական ԱԱԾ հատուկ խմբավորումը ներխուժել է Թումանյան փողոցի վրա գտնվող Կոնյակի գործարան և բռնի կերպով Հարությունյանին ձերբակալել ու տարել Բաքու:

Հ.Գ. Շատ տեղեկություններ չեմ ուզում տալ երկու պատճառով: Առաջին՝ դա կարող է վնասել, երկրորդ՝ տեղեկությունները իրարամերժ են, երբեմն՝ հակասական, իսկ ՀՀ տեղափոխված Արցախի ղեկավարները փորձում են երրորդ մարդկանց միջոցով իրենց հերոսներ ներկայացնել և փորձել ծածկել մի շարք ամոթալի արարքներ»,- գրել է Հակոբյանը։

Հոկտեմբերի 3-ին հայտնել էինք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները Ստեփանակերտում բերման էին ենթարկել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Նա տեղափոխվել է Բաքու:

ԼՂ նախագահը 4 ամսով կալանավորվել է:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Պետական անվտանգության ծառայությունը հրապարակել ու թվարկել էին այն մի շարք ծանր մեղադրանքները, որոնք առաջադրել են ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին:

Հարությունյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի տասից ավելի հոդվածներով, նրան սպասվում է առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ