Ադրբեջանում պատերազմի՞ են պատրաստվում․ զորքերի տեղաշարժի կադրեր են հրապարակվում

Վերջին օրերին սոցցանցերի ադրբեջանական տիրույթում շրջանառվում են տեսանյութեր, որտեղ հստակ երևում են ադրբեջանական զինուժի ակտիվ տեղաշարժերը, ընդ որում՝ խոսքը ոչ միայն ցամաքային զորքերի, այլ նաև օդուժի մասին է։ Եղան նաև փաստերով հրապարակումներ այն մասին, որ վերջին օրերին Իսրայելից Ադրբեջան բեռնատար ինքնաթիռներով անընդհատ թռիչքներ են իրականացվում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակում ԼՂ-ի և ՀՀ-ի հետ սահմանին։

Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանում մամուլի ազատության մասին ավելորդ է անգամ խոսելը՝ կարելի է ենթադրել, որ ադրբեջանական զինուժի՝ տեղաշարժի մասին հրապարակված կադրերը կարող են լինեն հայ հանրությանը լարված հոգեվիճակում պահելու համար։ Չնայած, որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի դիմել նոր սադրանքների։

Ադրբեջանում նաև զինապարտների ուսումնական հավաքներ են անցկացվում։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հավաքներն իրականացվում են 2023թ. նախապատրաստական պլանի համաձայն։

Սա ևս թույլ է տալիս ենթադրել, որ Ադրբեջանը հնարավոր է՝ ուսումնական հավաքների անվան տակ փորձում է նոր էսկալացիա նախապատրաստել։ Ի դեպ, նմանօրինակ պրակտիկան հատուկ է Ադրբեջանին՝ սադրանքների ու էսկալացիայի նախապատրաստումը քողարկել զորավարժության անվան տակ։

Հավելենք, որ Հայաստանում որոշ քաղտեխնոլոգներ ու ռազմագետներ կոչեր են հնչեցնում, որ ադրբեջանական զինուժի տեղաշարժի կադրերից ՀՀ պաշտպանության նախարարությունը պետք է հետևություններ անի, քայլեր ձեռնարկի՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ եթե այդ կադրերը հասանելի են դարձել իրենց, ապա հասանելի են նաև Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներին։

Լուսանկարները՝ տելեգրամ-ալիքների

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ