Ադրբեջանցիների՝ ՀՀ վերադարձի հարցը բանակցություններում չի քննարկվում, դա Ադրբեջանի քարոզչություն է․ Մարուքյան

Լավրովի՝ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած հայտարարությունից հետո, որում ՌԴ ԱԳ նախարարը նշել էր, թե երկու կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղահանվածների և փախստականների վերադարձի մասին, խոսակցություններ տարածվեցին, որ ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան՝ այնպես, ինչպես Ղարաբաղից տեղահանված հայ բնակիչները կարող են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։

Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով այս հարցին՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախ ՀՀ արտգործնախարարի հետ նման հարց չի քննարկվել, և Լավրովի հայտարարությունը, Մարուքյանի կարծիքով, երկու կողմերի նարատիվներն էր պարունակում, այդ պատճառով է, որ նաև Ադրբեջանի տեսակետն է հնչեցվում։ «Ադրբեջանի փորձը՝ Հայաստանում ժամանակին ապրած ադրբեջանցիներին հավասարեցնել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների հետ, շատ թույլ փորձ է։ Դրանով փորձում են Լեռնային Ղարաբաղի բացառիկությունը նվազեցնել, իսկ էդ բացառիկությունը ֆիքսված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով՝ որպես ամենաթարմ փաստաթուղթ»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Հատուկ հանձնարարություններով դեսպանը վստահեցրեց, որ բանակցային սեղանին նման հարց չի քննարկվում. «Դա Ադրբեջանի կողմից քարոզչություն է»։

«Եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթի 7-րդ կետով փախստականները և ներքին տեղահանված անձինք վերադառնան, և հետո ադրբեջանցիները ուզեն խոսել այն մասին, որ ադրբեջանցիներն էլ պետք է Հայաստան վերադառնան, բա Ադրբեջանից էլ հայերն են գնացել։ Հայերը գնացել են մազապուրծ, սպանությունների, ահաբեկչության, տներն այրելու սպառնալիքի տակ և դարձել փախստականներ, իսկ ադրբեջանցիները էստեղից գնացել են տները փոխելով, փոխհատուցում ստանալով։ Այսինքն՝ էդ իմաստով էլ իրար հավասար չեն։ Բայց երբ պահը գա, որ էդ հարցը բացեն, ապա հայերն էլ պետք է Ադրբեջան վերադառնան։ Դրանք են իրար հավասար, բայց Լեռնային Ղարաբաղը դրա հետ կապ չունի։ Ադրբեջանցիների ասածին ի հակադրություն գոյություն ունի Ադրբեջանից փախստական դարձած հայերի խնդիր»,- ասաց Մարուքյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ