Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Երասխում վիրավորված քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված ուշադրության համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Վարչապետը ողջունել է տիկին դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նրա ակտիվ գործունեության արդյունքում հայ-հնդկական հարաբերությունները տարբեր ուղղություններով կշարունակեն զարգանալ:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Հնդկաստանի հետ կապերի ընդլայնմամբ, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի ոլորտներում: Միաժամանակ, վարչապետն անդրադարձել է Երասխում ադրբեջանական կրակի հետևանքով օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի կառուցման շինաշխատանքներում ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացու վիրավորվելու դեպքին և շուտափույթ ապաքինում մաղթել նրանց:

Դեսպան Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Երասխում վիրավորված Հնդկաստանի քաղաքացիների առողջական խնդիրներին հետամուտ լինելու և ցուցաբերված ուշադրության համար:

Զրուցակիցները քննարկել են բիզնես կապերի ընդլայնման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը և սերտ կապերի ամրապնդումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 14-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, կրակոցների հետևանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Վիրավորում ստացած օտարերկրյա քաղաքացիներն ազգությամբ հնդիկ են, և ներգրավված էին գործարանի կառուցման աշխատանքներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ