Արցախում ստեղծելու են այնպիսի պայմաններ, որ ապրել հնարավոր չլինի, և հետո սկսելու է ցեղասպանությունը․ քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ Հայաստանը, հայտարարելով, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրանով որոշակի անորոշություն է առաջացնում: Վերջինս, սակայն, այս մոտեցումը ճիշտ է համարում՝ մեկնաբանելով.

«Արցախն Ադրբեջանից շուտ է անկախացել, պետք է հասկանալ՝ ՀՀ-ն ա՞յդ ժամանակվա տարածքային ամբողջականությունն է ճանաչում, թե՞ ոչ։ Երկրորդը, ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից հրաժարվել է և վերադարձել 1918 թվականի Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդությանը, որի տարածքում ԼՂ-ն երբեք չի եղել։ Այն հանձնվել է Խորհրդային Ադրբեջանին 1921 թվականին։ Այդ պատճառով այս հայտարարության շուրջ խառնաշփոթ է առաջանում։ Հայաստանը, սակայն, պետք է շարունակի այս անորոշության լեզվով խոսել այդ երկրի հետ»:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հնչեցրած սպառնալիքներին՝ ուղղված Արցախի բնակչությանը՝ «Արցախի հայությունը կա՛մ պետք է ընդունի Ադրբեջանի կազմում լինելու փաստը, կա՛մ հեռանա Արցախից», քաղաքագետը սրանում ցեղասպանության նախապատրասման հստակ միտում է տեսնում:

«Ստեղծելու են այնպիսի պայմաններ, որտեղ ապրել հնարավոր չի լինելու, և երկու տարի հետո սկսելու է ցեղասպանությունը։ Հայաստանն այստեղ պետք է փոխի բանակցային հարցը, առաջ տանի ոչ թե ինքնորոշումը, այլ Արցախի բնակչության անվտանգության ու իրավունքի խնդիրը»,- կարծում է նա։

Ինչ վերաբերում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, Սուքիասյանը չի կարծում, որ այն մոտ շրջանում կնքվի. «Այս պահին ստորագրելու շանս էլ չկա, քանի որ իրենք խաղաղությունը տեսնում են մեր չգոյության մեջ։ Թուրքիան մի ժամանակ ասում էր՝ զրո խնդիրներ հարևանների հետ, նկատի ուներ՝ զրո հարևան։ Այս պահին տարածաշրջանը կառավարում են ՌԴ-ն և Թուրքիան, բայց այդ էթնոկրատը չունի ազատություն։ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը սիրում է տարածքներ, իսկ ինչ են սիրում հայ օլիգարխները՝ խաղ, փող ու պետությունը թալանել»։

Միևնույն ժամանակ քաղաքագետը նկատում է՝ սադրիչ հայտարարություններ անող և ամեն առիթ օգտագործող պետության հետ հնարավոր չէ խաղաղության հասնել՝ հիշեցնելով ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ անհատ անձի կողմից Ադրբեջանի դրոշի այրումը և Ադրբեջանի կողմից դրան պաշտոնական երանգ տալը:

Սուքիասյանը կարևորում է այն, որ ստեղծված իրավիճակում քայլեր ձեռնարկվեն՝ բարելավելու հարաբերություններն արտաքին աշխարհի հետ, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Իրանի, Հնդկաստանի և ԱՄՆ-ի:

«Պետք է դառնանք նաև միջազգային իրավական հարթակի անդամ, վավերացնենք Հռոմի ստատուտը։ ԵՄ դիտորդների Հայաստան տեղակայման ժամկետը երկարաձգենք։ Եթե լինեինք միասնական պետություն, այս հարցերը հեշտ կլիներ կարգավորել։ Բայց ՀՀ-ում կա քաղցկեղի նման, օտարամոլ պետության շահերը սպասարկող հատված։ Դրա համար դա լինելու է դժվար, բայց պետք է պատրաստվել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցը եզրափակում է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ