Տան կորցրած բեհն ընդդեմ ՀՀ քաղաքացիությա՞ն. Ինչո՞ւ է աղմկում Իսրայելյանը

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունից հետո տարատեսակ գրառումներ է կատարում ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով նման որոշման պատճառներին:

ArmSport-ը, համադրելով մարզիկի հայտարարությունները, ԿԳՄՍ նախարարության պարզաբանումն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի մեկնաբանությունները, փորձել է ամփոփ ներկայացնել իրավիճակը:

Իսրայելյանը, մասնավորապես, ասում է՝ ամիսներ առաջ իր տուն է այցելել ԿԳՄՍ նախարար Կարեն Գիլոյանը, հայտարարել է, որ «պետք չէ աղմուկ հանել, ԶԼՄ-ներին հարցազրույց տալ, ԿԳՄՍՆ-ն կաջակցի բնակարանի ձեռքբերման հարցում, այդ թվում և կանխավճարի»։
«Գիլոյանն առաջարկում է ինձ բնակարան փնտրել։ Ես անմիջապես անում եմ դա։ Գտնում եմ բնակարան, (երկրորդական շուկայում) տալիս տանտիրոջը 800 դոլար, որպեսզի մնացածն էլ ձևակերպվի բանկում, իսկ դա վճարվի իմ աշխատավարձից։ Ու երբ այս ամենից հետո զանգահարում եմ Կ. Գիլոյանին, նա ասում է, որ փող չունեն տալու, և գնամ գումար ուզեմ UCOM-ից։ Թե ինչ կապ ուներ այդ ընկերությունը, կամ ինչու պետք է ինձ գումար տար, այդպես էլ պարզ չդարձավ։ Ակնհայտ է, որ այդ ամենը նա արեց նրա համար, որպեսզի աղմուկ չբարձրացնեի, բայց հիմա ժամանակն է կատարվածին ու իրերին տալ իրենց անունները։ 4մլն 600 հազար դրամ ԿԳՄՍ-ն ինձ չի տվել»,- գրել է Իսրայելյանը, նշել, որ դիմելու է ՀՀ վարչապետին և որ իր տված բեհը կորել է։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ArmSport-ի հետ զրույցում նշում է, որ իմանալով բռնցքամարտիկի դժգոհությունների մասին նրան հյուրընկալել էր դեռ 2022 թվականի վերջին: Այն, որ այցելել է Էրիկի բնակարան և խոստացել օգնել տան գնման գործընթացում, Գիլոյանը ևս չի ժխտում.

«Էրիկը դժգոհ էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի, ՀԱՕԿ-ի , պետության վերաբերմունքից: Զրուցեցի նրա հետ, բացատրեցի, որ պետք չէ դժգոհել. ամեն մեկն անում է այն, ինչ օրենսդրությամբ իրավասու է, և ոչ մի օրենքում գրված չէ, որ քեզ պետք է տուն տան: Գնացի իրենց տուն, տեսա, որ վարձով է ապրում, ասացի, որ կօգնեմ իրեն: Առաջարկեցի աջակցել, որպեսզի կարողանա հիփոթեքով բնակարան ձեռք բերել: Մարդկանց խնդրեցի՝ բրոկեր, բանկի աշխատակիցներ՝ իմ անձնական կապերի միջոցով … ասում էր՝ չգիտի, թե ինչ պետք է անել, ինչ հնարավոր էր արեցի, որպեսզի իր համար ցածր տոկոսադրույքով հիփոթեք դասավորեն: Որպես երիտասարդ հեռանկարային մարզիկի՝ խնդրում էի, որ օգնենք իրեն: Պայմանավորվեցինք՝ կընդառաջեմ ու իրեն տրամադրվող ամսական նպաստն ու անվանական թոշակը միանգամից կփոխանցվի տան հիփոթեքի վճարմանը, մնում էր, որ նա կանխավճարի հարցը լուծեր: Ամեն ինչ իր սրտով էր,  շատ երջանիկ էր ու շատ շնորհակալ: Ամենօրյա կապի մեջ էի, օգնում և աջակցում էի՝ ինչպես կարողանում էի մինչ այն պահը, երբ ասաց, որ կանխավճարը չի կարող վճարել … 4,5 մլն դրամի մասին էր խոսքը: Հարցրի, թե ինչ արեց այն  գումարները, որ ստացել է, ասաց՝ իսկ ես ինչո՞վ ապրեի»,- պատմում է Կարեն Գիլոյանը և մանրամասնում, թե ինչ վճարների մասին է խոսքը:

Ըստ նախարարի տեղակալի՝ տարեվերջին Էրիկ Իսրայելյանը պետությունից միանվագ ստացել է 2,3 մլն դրամ, դրան գումարած շուրջ 500 հազար դրամ ստացել է ՀԱՕԿ-ից, 250 հազար դրամ էլ ստացել է Երևանի քաղաքապետարանից, քանի որ նաև իր խնդրանքով ընդգրկվել էր երևանցի լավագույն մարզիկների տարեվերջյան տասնյակում: Ֆինանսական աջակցութուններ են եղել նաև «Դինամո» ընկերության նախագահից, անվանի բռնցքամարտիկներից.

«Այսինքն շուրջ 3 մլն 500 հազար դրամի մասին է խոսքը: Բացի այդ, նա հունվարից ամսական 450 հազար դրամ ստանում է պետությունից, 200 հազար դրամ էլ ստանում է Օլիմպիական կոմիտեից: Բնական է՝ այս գումարներով կկարողանար վճարել կանխավճարը»,- ասում է Գիլոյանը՝ ընդգծելով, որ Էրիկ Իսրայելյանը հեռանկարային մարզիկ է և այս ընթացքում մեծ հոգածությամբ՝ հարազատ երեխայի պես, աջակցել է բռնցքամարտիկին և փորձել օգնել:

ԿԳՄՍ նախարարությունն արդեն պարզաբանում է ներկայացրել՝ ֆինանսական հատկացումների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն հրապարակելով: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ բռնցքամարտիկը, ի թիվս ՀՀ մարզական պատիվը միջազգային հարթակներում բարձր պահած բազմաթիվ այլ մարզիկների, ստացել է սպորտային արդյունքների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր պարգևատրումները, ամենամսյա թոշակն ու նպաստը:

«Մասնավորապես՝ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 1 տարի շարունակ, բռնցքամարտիկը 2021 թվականին բարձր արդյունքներ ցուցաբերելու համար ստացել է անվանական թոշակ՝ ամսական 120 հազար դրամի չափով: 2022 թվականի հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ «Փարիզ 2024» Օլիմպիական խաղերի նախապատրաստության համար ստացել է ամսական 150 հազար դրամ նպաստ, իսկ դեկտեմբերից՝ արդեն որպես աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, Իսրայելյանին հասանելիք ամսական նպաստի չափը կազմել է 200 հազար դրամ: 2022 թվականի դեկտեմբերին բռնցքամարտիկը միանվագ 800 հազար դրամ տարեվերջյան պարգևատրում է ստացել՝ որպես երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող, ևս 1,5 մլն դրամ միանվագ աջակցություն ստացել է՝ որպես աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող:

Ի դեպ, «Փարիզ 2024» Օլիմպիական խաղերի նախապատրաստության համար մարզիկին հատկացվող նպաստը 2023 թվականի հունվարի 1-ից կազմում է ամսական 200 հազար դրամ, իսկ անվանական թոշակի չափը՝ ամսական 240 հազար դրամ»,- ասում են ԿԳՄՍՆ-ից՝ ընդգծելով, որ վերը նշված գումարները ներկայացված են՝ չներառելով հարկերը և տուրքերը:

Այսպիսով, բռնցքամարտիկի՝ միայն ԿԳՄՍՆ կողմից հատկացված պետական վճարները 2022 թվականի հունվարից առ այսօր կազմել են 5 մլն 720 հազար դրամ:

ԿԳՄՍՆ-ից պարզաբանում են նաև, որ ՀՀ կառավարությունը և ԿԳՄՍ նախարարությունը մարզական արդյունքների համար բնակարանների հատկացման ծրագիր չի իրականացնում:

Ի դեպ, տիտղոսակիր բռնցքամարտիկը չէր մասնակցում բռնցքամարտի Հայաստանի առաջնությանը, որն անցկացվեց հունվարին: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ այս առումով ևս իրարամերժ տեղեկություններ կան:

«Հայաստանի առաջնությունից մեկ օր առաջ՝ հունվարի վերջին, Էրիկն ինձ հայտնեց, որ ձեռքը ցավեցրել է և չի կարողանա մասնակցել Հայաստանի առաջնությանը: Գնում եմ առաջնության բացմանը, մարզիչների հետ զրուցելիս ասում եմ՝ Էրիկը ցավեցրել է ձեռքը, ցավոք չի կարողանում մասնակցել մրցումներին, ծիծաղում են, ասում են՝ ստել է: Հետո ինձ մարզիչներն ու մարզիկները պատմում են, որ ինքն ու հայրը հայտարարություններ են տարածում, որ ինչո՞ւ պետք է մասնակցի Հայաստանի առաջնությանը, ինքն աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է: Վերջում՝ ով կդառնա Հայաստանի չեմպիոն, սպարինգ մենամարտ կանցկացնեն, իրեն կծեծի ու կգնա աշխարհի առաջնության: Փաստորեն ՝ ինքն ամեն կերպ թելադրում է, թե երկիրն ինչ պետք է անի»,- ասում է Կարեն Գիլոյանը:

Իսրայելյանը չի մեկնաբանում, թե որ երկիր է մտադիր տեղափոխվել։ Ասում է՝ առաջարկներ շատ ունի, կմտածի ու որոշում կկայացնի, քանի որ վիրավորված է իր հանդեպ անտարբեր վերաբերմունքից։ Թե ինչպիսին կլինեն այս պատմության զարգացումները, ցույց կտա ժամանակը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ