Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Բելառուսի ազգային իրավական ինտերնետային պորտալում փաստաթուղթ է հրապարակվել, ըստ որի՝ համաբելառուսական ժողովրդական ժողովի պատվիրակները հավանություն են տվել Ազգային անվտանգության հայեցակարգին և ռազմական դոկտրինին, որը նախատեսում է ՀԱՊԿ անդամ երկրներին ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորություն նրանց դեմ ագրեսիայի դեպքում։

Փաստաթղթում մի քանի կետեր են նշված, որոնցից առանձնանում է հիմնականում այն, որ Բելառուսը Միութենական պետության անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ ուժի կիրառումը կհամարի ոտնձգություն և համապատասխան միջոցներ կձեռնարկի։ Բացի դրանից՝ նախատեսում է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերին կոնտինգենտի տրամադրում կազմակերպության անդամների տարածքում խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար։

Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ այս փաստաթուղթն ու դրա բովանդակությունը միանշանակ Ռուսաստանը փորձելու է փաթաթել նաև Հայաստանի վզին, որը մեզ համար մահաբեր կլինի։

«Սա ընդամենը սակարկություն է։ Հասկանալի է, որ Ռուսաստանի բարեկամական երկրների ցանկը շատ չէ, և Բելառուսում էլ անգամ եթե հարցումներ անեն, ժողովուրդը չի ցանկանա մտնել այդ բարեկամների շարք։ Հիմա փորձ է արվում Ադրբեջանին ևս ներքաշել «բարեկամների» մեջ։ 2020 թվականից մինչև օրս ՌԴ-ն գնում է այդ քայլերի ուղղությամբ, և սա մահաբեր վտանգ կլինի Հայաստանի համար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջինս նկատում է՝ դոկտրինը միանշանակ ընդունվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ։

Ինչ վերաբերվում է «Միութենական երկրներ» ձևակերպմանը, Խզմալյանը նկատում է․ «Ռուսաստանը, եթե որևէ բան է ընդունում, դրանք որպես կանոն միայն այն փաստաթղթերն են, որոնք ինքն է գրում։ Պուտինյան ռեժիմի դեքում այդպես է։ Այս պարագայում հոգնակիով խոսել ու դա արտահայտել թղթի վրա բնորոշ է միայն ՌԴ-ին։ Հոգնակիությունը ռուսական քաղաքականության մասն է կազմում, երբ անգամ ռուս կայսրն էր իր մասին խոսում հոգնակիով։ Գուցե իրենց մոտ արդեն զառանցանք է սկսվել, որ կարող են Հայաստանին էլ ներքաշել այդ միութենականության կազմում, բայց ես չեմ կարծում, որ դա պետք է քննարկենք»։

Եվրոպական կուսակցության ղեկավարի կարծիքով՝ Ռուսաստանը տարածաշրջանում մարտավարություն է որդեգրել, որը արտացոլվելու է նմանատիպ փաստաթղթերի, որոշումների կամ այլ գործողությունների տեսքով:

«Դա առաջին հերթին երևում է Վրաստանում հայտնի օրենքի քննարկման ընթացքում (- խմբ խոսքը «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի մասին է, որի դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունենում Թբիլիսում), մեզ մոտ այդ քայլերը դեռևս բացահայտ չեն արվում։ Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին, որի համար նրանց տրվեց Արցախը։ Այսինքն՝ այս բոլորի նպատակը, որքան հնարավոր է, շատ հետաձգել Վրաստանի և Հայաստանի եվրաինտեգրումը։ Պուտինը մեկ նպատակ ունի՝ այդ հետաձգումներով հասնել նոյեմբեր ամսվան, երբ, նրա կանխատեսումներով, ԱՄՆ նախագահ նորից կընտրվի Թրամփը, որի հետ ինքը մեծ հույսեր է կապում»,- կարծում է Խզմալյանը:

Հարցին՝ փաստաթղթում արձանագրելով ՀԱՊԿ անդամ երկրներին խաղաղապահ ուժերի տրամադրման պատրաստակամությունը՝ Բելառուսն ու Ռուսաստանը Հայաստանին կրկին հիշեցնում են այդ առաջա՞րկը, որը վաղուց ՀՀ-ն մերժել է, զրուցակիցը չի բացառում․ «Գործ ունենք նախադեպի սկզբունքի հետ։ Մեր պատմական դառը ու թարմ փորձը ցույց տվեց, որ ՌԴ խաղաղապահները, օրինակ, պատժիչ զորք են 11-րդ բանակից վերացված։ Այսինքն՝ մի զորախումբ են, որը սպառնալից է Հայաստանի պետականության համար, իրենց վտանգը նրանք ապացուցեցին Արցախում։ Այստեղ Հայաստանը պետք է գործի աստվածաշնչյան հին սկզբունքով․ չարի հետ չպետք է առնչություն ունենալ։ Այն պետք է շրջանցել ու ոչ մի դեպքում չվաճառել նրան հոգին ու շահերը։ Մեր երկրում դա ուշ են հասկացել՝ տասնամյակներով մեր ներքին ու արտաքին քաղաքականությունը ՌԴ-ի հետ կապելով»։

Եվրոպական կուսակցության ղեկավարը կարևորում է՝ Հայաստանը այժմ իր առջև լուրջ խնդիրներ ունի, քան տվյալ փաստաթղթի մասին մտածելն է․ 40 օր առաջ հստակ առաջարկ է եղել, որը հաստատվել է նաև 20 օր առաջ Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում, երբ Հայաստանին առաջարկվել է անդամակցել Եվրամիությանը։ Ըստ քաղաքագետի՝ այժմ ՀՀ իշխանությունները պետք է մտածեն այդ առաջարկները ընդունելու և ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, որքան էլ պարտադրանք լինի դոկտրինի վերաբերյալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ