Ո՞րն է «Հոգեւոր Հայաստանը», որը պիտի հաղթի «նոր» կամ «թազա» Հայաստանին

«Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին»՝ այս կղերա-քաղաքական «մանտրան» արդեն տևական ժամանակ է, ինչ հնչում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ արք. Գալստանյանի շուրթերից՝ դառնալով նրա մասնակցությամբ քայլերթի կարգախոսներից մեկը։ Տավուշում սահմանազատման դեմ իրականացված բողոքի ակցիաները՝ եկեղեցու՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի գիտությամբ ու հովանավորությամբ և եկեղեցականներից ոմանց կատարմամբ, այլևս բացահայտեցին իրենց սկզբնական, իրական նպատակը՝ ոչ թե սահմանազատման գործընթացի դեմ բողոք ու անհամաձայնություն, այլ՝ իշխանափոխություն, որի պարագայում հնարավոր կլինի կասեցնել մեկնարկած գործընթացը, իսկ թե ինչ տեղի կունենա դրանից հետո, կունենա՞ն իրենց պատկերացրած հոգևոր Հայաստանը, թե՞ Հայաստան ընդհանրապես չի լինի՝ իշխանափոխություն փափագողները գերադասում են շրջանցել թեման։

Արդ, ի՞նչ է իրենից ներկայացնում «հոգևոր Հայաստանը», որը պիտի հաղթի «նոր» կամ, ինչպես նախօրեին վերաձևակերպեց Բագրատ սրբազանը, «թազա Հայաստանին»։ Նախքան դրա բանաձևմանն՝ անդրադառնալը նկատենք, որ «Նոր Հայաստան» ձևակերպումը շրջանառության մեջ դրվեց հեղափոխությունից հետո, և «նոր» ասելով նկատի էր առնվում պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր մոդելը, երբ իշխանությունը կրող սուբյեկտը՝ ժողովուրդն է որոշում, թե ով պետք է կառավարի իրեն, այլ ոչ թե քվեարկության արդյունքները կեղծած ու զոռբայությամբ վերարտադրված պետական մեքենան, և առհասարակ, «նոր Հայաստան»-ը ենթադրում էր նախկին ռեժիմի օրոք արմատացած պետական կառավարման մերժելի ավանդույթները փոխակերպել նորով, իմիտացիոն ժողովրդավարությունը՝ շոշափելի, իրական ժողովրդավարությամբ։ Ուշադրություն դարձնենք, որ պետությունն ու քաղաքացին, որպես սուբյեկտներ, առանցքային դերակատարում ունեն որպես «նոր Հայաստանի» գոյության երաշխավորներ։

Եվ ահա, այդ «նոր Հայաստանը», ինչպես երևում է, Տավուշի թեմի առաջնորդի և նրա հովանավորների խոսույթում հակադրության մեջ է «հոգևոր Հայաստանի» հետ, և մեկի փլուզմամբ է, որ երաշխավորվելու է մյուսի գոյությունը։ Հետևապես պետք է պարզաբանել, թե ի՞նչ է նկատի առնվում «հոգևոր» ասվածի տակ՝ հոգևոր դասի կողմից կառավարվո՞ղ, այսինքն՝ այլևս ոչ աշխարհիկ երկիր լինե՞լը, թե՞ այն Հայաստանը, որը չունի ֆիզիկական, նյութական մարմին, անձև է ու անսահման, վերացական է ու երազային, այսինքն՝ ոչ հողեղեն՝ հոգևոր։

Չգիտենք, թե ինչ նկատի ունի Բագրատ սրբազանը հենց այսօր, այս պահին հոլովելով սույն կապակցությունը, բայց մեկ տարի առաջ մոտավորապես այս օրերին Հ1-ի տաղավարում նա սահմանել էր իր՝ այդ ժամանակվա դրությամբ պատկերացրած «հոգևոր Հայաստանը»։ «Այս մասին շատ է խոսվել, և պատերազմից հետո է կամ այդ ընթացքում էր, որ ինձ համար բանաձևային նշանակություն ուներ։ «Հոգևոր Հայաստանը» մեր բոլոր երազներն են, տեսիլքներն են, ուժեղ, հզոր, բարիքով, հաշտությամբ, սիրով, խաղաղությամբ, զարգացող, անվտանգ Հայաստանն է, այն տեսիլքը, որը ունենք, ու ցանկությունն ու ձգտումը, որ ունենք։ «Նոր Հայաստան»-ը բոլոր իմաստներով հակառակն է՝ ատելության, թշնամության, արդեն խնդիրները տեսնում ենք անվտանգային իմաստով, Արցախի շրջափակում և այլն, և այլն։ Այսինքն՝ և պարզ հարաբերությունների իմաստով, և լայն առումով՝ հայրենիքի տեսլիքի իմաստով, այն դժբախտ իրականությունն է, որը արձանագրել են որպես «նոր Հայաստան»։ Այն, ինչ որ խոսվում էր, ասվում էր, և այդպես էլ իրականություն չդարձավ։ Ատելությունն ու թշնամությունը հատկապես թափանցել են այլևս ընտանիք, տան մեջ է ամեն ինչը, և այս իմաստով մենք գտնվում ենք ուղղակի աղետի մեջ, եթե մեծ իմաստով արտաքին թշնամիների մասին չխոսենք…»։

Ինչ է, փաստորեն, առաջարկում Բագրատ սրբազանը այն քաղաքացիներին, որոնք միացել են նրա ղեկավարած շարժմանը՝ ոչ թե կոնկրետ ծրագիր, պլան, տեսլական՝ «թազա», իր ասած՝ ատելությամբ ու թշնամանքով լի Հայաստանը «հոգևորով» փոխարինելու համար, այլ՝ տեսիլք, երազ, իղձ, փափագ երևակայական Հայաստանի մասին։ Եվ թե ինչ պետք է անել, որպեսզի «նոր»-ը «հոգևոր»-ով փոխարինելիս Հայաստանը դառնա ուժեղ և հզոր, քայլերի ինչ հաջորդականությամբ՝ հոգևոր դասի ներկայացուցիչը չի կոնկրետացնում։

Եվ ամենակարևորը՝ չեն կոնկրետացվում այդ տեսիլքային Հայաստանի աշխարհագրական տվյալները, դրա տարածքն ու սահմանները։

Ուժեղ, հզոր, խաղաղ Հայաստանը, մինչդեռ, մեր դիտարկմամբ՝ սահմանագծված սահմաններով և անվտանգության կայուն երաշխիքներով ամրակայված Հայաստան պետությունն է, այլ ոչ թե այդպիսի Հայաստանի տեսիլքն ու երազը, որը միայն հայ ժողովրդի մտապատկերում է, երևակայության մեջ, բայց ոչ՝ գետնի վրա ու շոշափելի։ Հենց այդպիսի՝ ռեալ իրականության մեջ գոյություն ունեցող երկիր ունենալուն են միտված գործող իշխանության գործողությունները։ Դրա անունը կլինի նոր, թե նորացված կամ նորագույն՝ ճաշակի հարց է։ Իսկ հոգևոր դասը «հոգևոր Հայաստանի» մասին արհեստական, խաբուսիկ օրակարգը շրջանառելու փոխարեն, թող թույլ տրվի հուշել, պետք է նախ ինքը սահմանազատվի վտանգավոր արկածախնդրության տանող պրոցեսներից ու վեղարավոր սուբյեկտներից և սատարի Հայաստան անունով ինքնիշխան, անկախ, կոնկրետ, պաշտպանված սահմաններով պետություն ունենալու տեսլականի կյանքի կոչմանը, եթե, անշուշտ, առաջնորդվում է ազնիվ մղումներով։

Հ.Գ. Նախօրեին, քայլերթի ժամանակ, արք. Գալստանյանն, ի դեպ, խոսելով սահմանազատման իր պատկերացրած գործընթացի մասին, հայտարարեց՝ սահմանազատում չի կարող լինել առանց խաղաղության պայմանագրի ստորագրման։ «Նախևառաջ, այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրը պետք է լինի, որ հետո կարողանաս հանգիստ պայմաններում, ոչ թե՝ ուժի սպառնալիքի ներքո ինչ թելադրեն, դա էլ անես»,- հայտարարեց նա։ Սա, նկատենք, հայտնություն է սրբազանի խոսույթում, քանի որ նա, ի թիվս այլ եկեղեցականների, այս ողջ ընթացքում հանդես է եկել խաղաղության՝ իշխանության կողմից բանակցվող գործընթացի դատափետմամբ, այն հեգնելով ու մերժելի համարելով։ «Խաղաղություն չի կարող լինել առանց հաղթանակի, գոյություն չունի այդպիսի բան, պարտվածը չի կարող խաղաղություն հաստատել նրա հետ, ով մինչև հիմա էլ շարունակում է հոխորտալ, կյանքիդ, գոյությանդ սպառնալ։ Խելագարն է պատերազմ ցանկանում, բայց միևնույն ժամանակ խելագարն է անպատիվ խաղաղություն ցանկանում»,- իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր Տավուշի թեմի առաջնորդը։ Այժմ, փաստորեն, կողմ է խաղաղության օրակարգից սահմանազատման գործընթացը բխեցնելուն։

Հետևապես հարց է ծագում՝ սրբազանին միացած բոլոր քաղաքական ուժերը, որոնք այս ընթացքում անողոք քննադատության են ենթարկել խաղաղության գործընթացը, արդյոք կիսո՞ւմ են Գալստանյանի այս տեսակետը՝ սկզբում կնքել խաղաղության պայմանագիր, հետո նոր անցնել սահմանազատմանը։ Թե՞ խաղաղության օրակարգ ասելով նրանք նկատի ունեն այլ օրակարգ՝ պատերազմի առիթ տալ Ադրբեջանին, հաղթել վերջինիս այդ պատերազմում՝ կապիտուլյացիայի ենթարկել և, ինչպես սիրում են թութակել որոշ ուռահայրենասերներ, «պարտադրել խաղաղությունը»։ Եթե իհարկե այդ պատերազմից հետո Հայաստան անունով սուբյեկտ գոյություն կունենա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ