Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Ներքին գործերի նախարարությունը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե ոստիկանության կենտրոնական ապարատը իբր մարզային բաժանմունքներից պահանջել է ներկայացնել այն ոստիկանների անունները, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում չեն խորշում բռնություն գործադրելուց։

«Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։ Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ։ Կոչ ենք անում չհրապարակել չճշտված տեղեկություններ և անհիմն չթիրախավորել ՆԳ նախարարությանն ու ենթակա ծառայությանը՝ Ոստիկանությանը»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Լրատվական կայքերից մեկը հրապարակմամբ է հանդես եկել, որում նշված է, թե, իբր «տեղեկություններ կան, որ ոստիկանության կենտրոնական ապարատը մարզային բաժանմունքներից ցուցակներ է պահանջել՝ կոնկրետ թիվ և ոստիկանների անուններ, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում աչքի են ընկել բռնարարքներով և չեն խորշում բռնություններ գործադրելուց»՝ ենթադրելով, որ ոստիկանությունը պատրաստվում է բիրտ ուժ կիրառել ցուցարարների դեմ»,- գրել է աղբյուրը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ