Մարմնամարզության 2027թ. Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մարմնամարզության 2027թ. Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելու որոշմանը:

«Հարգելի’ հայրենակիցներ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի անդամներ, մարզիչներ, մարզիկներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, հպարտությամբ տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության բարձր հովանո ներքո հայտ էինք ներկայացրել Սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2027թ. առաջնությունը ընդունել Երևանում, և այսօր կայացած նիստի քննարկման արդյունքում, որին անձամբ եմ ներկա գտնվել, Եվրոպայի մարմնամարզության կոմիտեն՝ ի դեմս նախագահ պրն Գայիբովի, ընդունեց որոշում 2027թ Եվրոպայի առաջնությունը անցկացնել Երևանում։

Շնորհավորում եմ հայկական ողջ մարզաշխարհին այս պատմական ձեռքբերման կապակցությամբ։

Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ ի դեմս աշխատակազմի ղեկավար պրն Արայիկ Հարությունյանի, ում անմիջական աջակցությամբ հնարավոր եղավ իրականություն դարձնել այս իրադարձությունը։ Շնորհակալություն եմ հայտնում մեր մարզիկներին՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, ում շնորհիվ հայկական մարմնամարզությունը համաշխարհային մարմնամարզության ոլորտում ունի չափազանց մեծ հեղինակություն, որը ևս նպաստեց այս ձեռքբերմանը:

Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ ընկերությունների խմբի հիմնադիր, իմ լավ բարեկամ Նարեկ Նալբանդյանին, ով կանգնած է մեր կողքին և աջակցում է հայկական մարմնամարզությանը։ Շնորհակալություն նաև իմ թիմին կատարած հիանալի աշխատանքի համար։

Ի գործ»,- գրել է նա:

Այս մասին ավելի վաղ «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել էր նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ