3 ամիս առաջ ԱՀ նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ արցախցու վզին փաթաթվեց փրկչական ծրագիր․ Հայրիյան

Եթե հայտարարված պայքարը Ադրբեջանի բոլոր պահանջների բավարարումն ու Արցախը և արցախցուն սնանկացնելն է, ինչպես արվում է, ապա նույնիսկ վայրկյաններն են կարևոր։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱՀ առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը։

«Ընդամենը երեք ամիս առաջ Արցախի Հանրապետության նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ անձանց որոշակի խմբի կողմից որոշակի պայմանավորվածություններով արցախցու վզին փաթաթվեց փրկչական կերպարով ներկայացած մի ծրագիր: Թեև անունը ծրագիր էր, բայց ոչ բեմագիր ուներ, ոչ պլան, ոչ հեղինակներ, ոչ հովանավորներ: Բայց դե թե ինչեր էին պատմում, էլ Վլադիմիր Պուտին, էլ Քիմ Քարդաշյան, Էլ Անգլիայի թագուհի, էլ Ջո Բայդեն…: Խեղճ արցախցին ցնծությունից խելագարության էր հասել:

Իսկ հիմա ավելի լուրջ. ընդամենը երեք ամսում Արցախը կորցրել է ֆինանսական, տնտեսական (մնացյալները չեմ կարողանում բարձրաձայնել) ողջ դիմադրողականությունը, ներքին լարվածությունը և թշնամանքը հատում է բոլոր թույլատրելի սահմանները: Յուրաքանչյուր օրը էլ ավելի է խորացնում ճգնաժամը, ներիշխանական խաղերը ամբողջությամբ արժեզրկում են այն ամենը, ինչը համառ արցախցիների ջանքերով վերականգնվել ու պահպանվել է հետպատերազմյա երկու տարում»,-գրել է նա:

Այս ամենի պատասխանատուն, ըստ Հայրիյանի, Արցախի Հանրապետության նախագահն է, որը պարտավոր է գործել սթափ ու առանց զգացմունքայնությանը տրվելու։

«Մի բազմապատկեք ձեր պատասխանատվության ծավալը, այն քիչ չէ, բարձր գտնվեք ներանձնային շփումներից ու կախվածություններից և դադարեցրեք Արցախը կործանման տանող այս ընթացքը»,-գրառումը կոչով ավարտել է նախկին նախարարը:

Հիշեցնենք, հունվարի 23-ին ևս Արցախի առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Ռուբեն Վարդանյանին ուղղված գրառում էր արել՝ հայտարարելով, որ արցախցիներին փրկիչներ հարկավոր չեն, փոխարենը պետք է ընդամենը հանգիստ թողնել ժողովրդին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ