Սահմանամերձ Բնունիս, Նժդեհ, Տորունիք համայնքների աշակերտները 2023-ից խաղաղություն են ուզում, նրանք կհանդիպեն ՀՀ վարչապետի հետ

44-օրյա պատերազմում զոհված Էդգար Մարգարյանի մոր՝ Արսինե Սահակյանի նախաձեռնությամբ Սյունիքի մարզի սահմանամերձ Բնունիս, Նժդեհ, Տորունիք համայնքների աշակերտները եկել են Երևան և այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում դիտեցին «Վերադարձ արմատներին» կրթամշակութային կենտրոնի կազմակերպած «Տիկնիկների մոլորակ» ամանորյա ներկայացումը։

Մեզ հետ զրույցում Արսինե Սահակյանն ասաց, որ սահմանամերձ համայնքների երեխաներին Երևան բերելը և նրանց հետաքրքրող վայրեր տանելն ու ժամանցն ապահովելն ի սկզբանե եղել է իր և «Կանաչ արահետ» ՀԿ մարկետինգի խորհրդատու Ստելլա Սարուխանյանի նախաձեռնությունը, որի շրջանակներում սահմանամերձ համայնքների բազմաթիվ երեխաներ արդեն մասնակցել են դեպի Երևան շրջայցին։

«Սահմանամերձ բնակավայրերից որոշեցինք բերել և շեշտը դրեցինք Սյունիքի վրա, որովհետև բոլորս գիտենք, որ Սյունիքը թիրախային գոտում է, և ուզեցանք երեխաներին ավելի շատ ժպիտներ պարգևել։ Նպատակը՝ գյուղերի երեխաներին ավելի ակտիվացնելն է, ավելի ուրախ, երջանիկ պահեր ապահովելն է, երեխաներին բացելը և շփման մեծ եզրեր ապահովելն է»,- ասաց Արսինե Սահակյանը։

Մենք զրուցեցինք նաև սահմանամերձ համայնքների աշակերտների հետ. ավագ դասարանների աշակերտները միանշանակ ցանկանում են, որ 2023 թվականին առաջինը խաղաղություն լինի։

Նշենք, որ Բնունիս, Նժդեհ, Տորունիք համայնքների աշակերտներն այսօր լինելու են նաև ՀՀ ԱԺ-ում, ինչպես նաև կառավարությունում, որտեղ կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ