Երևանի որ վարչական շրջանն ինչպես է դիմավորելու Նոր տարին, և որքան գումար է հատկացվել

Մայրաքաղաքում այս օրերին մեծ թափով ընթանում են ամանորյա միջոցառումների կազմակերպման, լուսավորության և զարդարանքների աշխատանքներ։ Կորոնավիրուսից և պատերազմից հետո առաջին անգամ է, որ քաղաքամայր Երևանը նման շքեղությամբ դիմավորելու է տարեմուտը:

Քաղաքապետարանից զատ՝ ամանորյա միջոցառումներին պատրաստվում են նաև մայրաքաղաքի վարչական շրջանները, որի մասին հայտարարվեց քաղաքապետարանում այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

«Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել Երևանի որոշ վարչական շրջանների ղեկավարների հետ: Նրանք ներկայացրել են իրենց ղեկավարած վարչական շրջանում սպասվող ամանորյա ծրագրերը։

Ամանորյա տոնածառ, լուսավոր փողոցներ կունենա Էրեբունի վարչական շրջանը։ Շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը մեզ հետ զրույցում շեշտում է՝ այս տարվա ամանորյա ծրագրերն ու զարդարանքները տարբերվում են նախորդ տարիներից։ Վերջինիս խոսքով՝ ամեն ինչ անելու են, որ Էրեբունիի բնակիչներին ամանորյա ժպիտ պարգևեն։ Տոնական աշխատանքների կազմակերպման համար բյուջեից նախատեսվել է 4 միլիոն 750 հազար դրամ։

«Մարդիկ ուզում են փոփոխություն իրենց կյանքում, մենք էլ որոշեցինք կազմակերպել ամանորյա ծրագրերը։ Լուսավորում ենք ամբողջ փողոցները՝ Տիգրան Մեծի, Արցախի, էրեբունու փողոցները, Այվազովսկու ու Ազատամարտիկների փողոցը։ Բոլոր լույսերը վառվելու են դեկտեմբերի 5-ին, երբ «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» մրցույթի երեխաների մասնակցությամբ վառվեն Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը»,- ասում է Բալայանը։

Վարչական շրջանի ամենամեծ տարածքում կդրվի տոնածառ, շրջակայքում կստեղծվի լուսանկարվելու համար նախատեսված հրապարակ, նշում է նա։ Համերգային այլ ծրագրերի փոխարեն փակ միջոցառում կլինի 44-օրյա և այս սեպտեմբերին զոհված զինծառայողների ընտանիքների համար։ Ամանորյա հեքիաթը կայցելի նաև սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներին: «Մեր վարչական շրջանում 140 զոհված զինծառայողի ընտանիք ունենք։ Նրանք մշտապես մեր աջակցության ներքո են։ Ոչ միայն զոհվածների ընտանիքներին, այլ նաև համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի աջակցություն։ Ունենք 3800 սոցիալապես անապահով ընտանիք։ Դպրոցահասակ երեխաների համար էլ նախատեսել ենք 2000 նվեր փաթեթ»,- մանրամասնում է վարչական շրջանի ղեկավարը։

Դավթաշեն վարչական շրջանում էլ կիրականացվի ամանորյա ֆլեշմոբ: Լուսավորության աշխատանքներն այստեղ ևս պատրաստ կլինեն դեկտեմբերի 5-ին։

«Ընդհանուր տոնական լուսավորության համար բյուջեից 5 միլիոն դրամ է նախատեսված: Կենտրոնական այգում տեղադրել ենք ամանորյա եղևնին։ Մեր շրջանի 450 երեխայի միջոցով փորձում ենք ֆլեշմոբ կազմակերպել։ Դեկտեմբերի 15-20-ը նրանք Ձմեռ պապիկի հագուստներով շրջելու են բոլոր բակերով»,- ասում է վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ բացի կենտրոնական այգում տեղադրված ամանորյա տոնածառից, համայնքի գործարարների, կառուցապատողների ֆինանսական աջակցությամբ նախատեսվում է 15 մետրանոց տոնական եղևնի տեղադրել շրջանի կենտրոնական փողոցում, Տիգրան Պետրոսյանի անվան խաչմերուկում լուսավորության միջոցով գեղեցիկ տեսարան ստանալ։ Ըստ Համբարձումյանի՝ Դավթաշենը ամանորյա օրերին տարբերվելու է մնացած վարչական շրջաններից․ «Ամանորյա միջոցառումներ և ծրագրեր ենք կազմակերպելու նաև վարչական շրջանի 34 զոհվածների ընտանիքների համար, ինչպես նաև՝ 1394 սոցիալապես անապահով ընտանիքների»։

Տոնական եղևնի տեղադրվել է նաև Շենգավիթ վարչական շրջանում, որի լույսերը նույնպես կվառվեն դեկտեմբերի 5-ին։ Այժմ ընթանում են փողոցների լուսավորության աշխատանքները։

«Հաշվի առնելով մեր երկրում առկա իրավիճակը՝ համերգային ծրագրեր շրջանում չեն լինի։ Սոցիալապես անապահով 150 ընտանիքի համար իրականցվում են տարբեր ծրագրեր։ Նաև պատերազմում զոհվածների ընտանիքներին ենք աջակցում»,- մեր զրույցում մանրամասնում է վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։

Իսկ Կենտրոն վարչական շրջանում ամանորյա ծրագրերը ներառված են քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի մեջ, մեր զրույցում ասում է վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը։ Ամանորյա աջակցություն է նախատեսված սոցիալապես անապահով և 44-օրյա պատերազմի մասնակիցների և զոհվածների ընտանիքների համար:

Ամանորյա լուսավորություն, զարդարանքներ ու տոնածառ կլինեն նաև Արաբկիր վարչական շրջանում։ Ղեկավար Արամ Ազատյանը մեր զրույցում նշում է՝ ամանորյա լուսավորության աշխատանքների համար հատկացվել է 13 միլիոն դրամ։

«Համերգային ծրագրեր չեն նախատեսվում, բայց, օրինակ, աջակցություն ունենք սոցիալապես անապահով, 44-օրյա և այս սեպտեմբերին զոհվածների 65 ընտանիքի համար։ Այդ ընտանիքներին միշտ ենք օգնում և աջակցում, նրանց խնդիրները մեր ուշադրության ներքո են»,- շեշտում է Ազատյանը։

Այս տարվա վերջին շաբաթվա ընթացքում տոնական միջոցառումներ կլինեն նաև Ավան վարչական շրջանում։

«Լուսավորությունը լինելու է կենտրոնական փողոցներում, բակային հատվածներում, այգիներում։ Թարմացվելու են տոնածառի խաղալիքները, լույսերը։ Ամանորյա միջոցառումներ են լինելու սոցիալապես անապահով ընտանիքների և պատերազմում զոհվածների ու անհետ կորածների ընտանիքների երեխաների համար»,- ասում է վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ