Սյունիքի «Նոր զանգեր»-ի մոտ կրակել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ազգականի վրա․ նա հիվանդանոցում է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում։

Ժամը 18։25-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի և աջ զստային շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության, քննչական կոմիտեի խմբերը: Նրանք պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Ալեն Առուշանյանն է։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է, ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 17։30-ի սահմաններում Գորիս քաղաքի «Նոր զանգեր» կոչվող տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ա․ Առուշանյանի և Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Գևորգ Շահնազարյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս կրակոցներ է արձակել ու հրազենային վնասվածքներ պատճառել Ա․ Առուշանյանին։

Ոստիկանության բացատրական աշխատանքների արդյունքում Գ․ Շահնազարյանը ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին՝ ներկայացնելով նաև իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի 12 տ/չ ողորկափող որսորդական հրացանը և 1 հատ ձևափոխված փամփուշտ:

Դեպքի վայրում էլ հայտնաբերվում են 5 հատ կրակված փամփուշների պարկուճներ և արնանման հետքեր։

Գ․ Շահնազարյանը ոստիկանության Գորիսի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ վիրավոր Ա․ Առուշանյանը Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հորեղբոր՝ Անուշավան Առուշանյանի թոռն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ