«Ադրբեջանը շատ հարցերում գտնվում է մշտական կապի մեջ Արցախի իշխանությունների հետ». Ալեն Սիմոնյան

Հայաստանի իշխանությունները մշտապես առաջարկել են, որ Արցախը պետք է ներգրավված լինի և ներգրավված է բոլոր քննարկումների ու հարցերի մեջ: Արցախի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք Արցախին առաջարկում ենք այն, ինչ-որ առաջարկել ենք մշտապես՝ Արցախը ինքնուրույն պետք է ներգրավված լինի և ներգրավված է բոլոր քննարկումների ու հարցերի մեջ: Հայաստանի Հանրապետությունը միևնույն ժամանակ պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ»,- ասաց Սիմոնյանը:

Արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե երբ կցանկանան և ինչպես կցանկանան կբանակցեն Արցախի հետ՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ մինչ օրս եղել են շատ հարցեր, որ Ադրբեջանը քննարկել է և բանակցել է Արցախի իշխանությունների հետ:

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանը գտնվում է մշտական կապի մեջ Արցախի օրինական իշխանությունների հետ շատ հարցերում: Նույնիսկ լինում են դեպքեր, որ Արցախի իշխանությունները ինֆորմացիոն առումով ավելի շատ են տեղեկացված լինում, քան մենք: Բնական է, որ հարևան երկրի ղեկավարությունը պետք է այլ ձևակերպումներ տա՝ Ստեփանակերտի տեղը ադրբեջանական անվանում ասի և այլն, և այլն: Ես խնդրում եմ դիտարկել դա այդ տրամաբանության մեջ: Միևնույն ժամանակ, հիշենք բանակցային գործընթացը չի ավարտվել, որևէ փաստաթուղթ, որի վրա կարող ենք հղում անել, գոյություն չունի: Բնական է, ամեն մի կողմ իր տեսլականը և իր պատկերացումը ներկայացնում է: »,- եզրափակեց Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ