Առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հայտնել «Սուրմալուի» պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների մասին

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այս պահի դրությամբ 6 մարդ է մահացել: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը 61 է:

«Այս պահին տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել»,- տեղեկացնում են նախարարությունից:

Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, ըստ նախնական տվյալների՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով այս պահի դրությամբ կա 5 զոհ, որից մեկի ինքնությունը պարզված չէ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

Ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ