Ուրվական փառատոնն այս տարի կանցկացվի Դիլիջանում

Ուրվական փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 23-ից 25-ը՝ այս անգամ Դիլիջանում։ Փառատոնի հագեցած եռօրյա ծրագրում ներառված է բազմաժանր երաժշտություն․ ժամանակակից, էլեկտրոնային և էլեկտրոակուստիկ երաժշտությունից մինչև ֆոլկ, նոյզ, անդերգրաունդ ռեփ և այլն։ Մասնակից արտիստների անունները կհրապարակվեն շատ շուտով։

«Ուրվականն առաջին անգամ կազմակերպվել էր Երևանում։ Այսօր, երբ մայրաքաղաքի ստեղծագործական ենթակառուցվածքն օրեցօր ամրապնդվում է, Հայաստանի մնացած շրջանները դեռ զարգանում են և ավելի մեծ ուշադրության և տնտեսական աջակցության կարիք ունեն։ Դիլիջանը որպես Ուրվական 2022-ի անցկացման վայր ընտրելով՝ փառատոնը ոչ միայն հարգանքի տուրք է մատուցում Հայաստանի ամենապատմական, գեղատեսիլ և հյուրընկալ շրջաններից մեկին, այլև նպատակ է դնում ապակենտրոնացնել աշխատանքը»,-նշում են փառատոնի կազմակերպիչները։

Ուրվական 2022-ն իր առաջ նպատակ է դրել անդրադառնալ առավել արդի և կենսական խնդիրների։ Վերջին փառատոնից ի վեր աշխարհում շարունակվում են կորոնավիրուսի համավարակը, արտագաղթի ճգնաժամերը, կլիմայական աղետները և արյունալի պատերազմները, որոնք ներթափանցել են մեր առօրյա կյանք և անխուսափելիորեն ազդել մեր հեռանկարների վրա։

Արցախի, Ուկրաինայի պատերազմները և բազմաթիվ այլ պատերազմներ, որոնք դեռ շարունակվում են աշխարհի տարբեր անկյուններում, տարբերվում են իրենց համատեքստով և նախապատմությամբ։ Սակայն նրանց բոլորի հիմքում կարելի է գտնել ընդհանուր օրինաչափություններ՝ դրանք դարեր տևած կայսերականության և գաղութականության մնացորդներն են։

«Քննադատելով երկրների ղեկավարներին, որոնք փորձում են արդարցնել իրենց պատերազմները հանուն խաղաղության արված սպանությունների մասին ստերով, մենք միաժամանակ դեմ ենք արտահայտվում անտարբերությանը և անմարդկայնացնող տրամաբանությանը, որոնցով մարդիկ արձագանքում են այս կոնֆլիկտներին։ Ակտիվ մասնակցության և խորը ըմբռնման միջոցով մենք աշխատում ենք այս փակուղիներից հնարավոր ելքեր գտնել։ Այս տարի Ուրվական փառատոնի նպատակն է կառուցել հրապարակային հարթակ, որտեղ կքննարկվեն Հարավային Կովկասի, Հարավարևմտյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջաններում կայսերականության և հետգաղութատիրության խնդիրները։ Մենք ձգտում ենք գաղափարապես չսահմանափակվել մեր տարածաշրջանով և ներկայացնել այդ թվում նաև Հունաստանի, Եթովպիայի և հյուսիսաֆրիկյան երկրների պատմությունները։ Փառատոնում ներկայացված են արտիստներ, ում ստեղծագործական ուղիները սերտորեն փոխկապակցված են ապագաղութական և/կամ սոցիալական ակտիվիզմի հետ, և նրանց բազմազանությունը կբերի մի շարք քննադատական հետազոտական լաբերի, աշխատարանների և կլոր-սեղանների քննարկումների, որոնք կուղեկցվեն հետփառատոնյան հրապարակումներով՝ Urvakan Reader-ի տեսքով»,-եզրափակում են փառատոնի կազմակերպիչները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ