Կպատժենք, պայմանագիրը կդադարեցնենք և սև ցուցակ կգցենք․ շինարարներին չենք ներելու

Երկրի շինարարների հզորությունը չի բավարարում, որպեսզի իրականացնեն Կառավարության նախատեսած ծրագրերը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Եթե մեկ հոդվածով օրինակ բերեմ, նախորդ տարի 33 միլիարդ դրամ հատկացվել էր հիմնանորոգումներին, մեր շինարարները կարողացան 21 միլիարդ դրամի աշխատանք անել: Այս տարի արդեն 60 միլիարդ դրամ հատկացրել ենք:

Վերջերս բոլորին հրավիրել ենք նախարարություն ու ասել, որ այն երևույթը՝ ձեզ կթվա, թե դեկտեմբերին կներենք, որ այս ամռանը չաշխատեցիք, և ծրագիրը կտեղափոխենք 2023 թվական, այդպես չի լինելու: Կպատժենք, պայմանագիրը կդադարեցնենք, կգնան «սև ցուցակ» և այլն: Վերջապես, անբարեխիղճ շինարարները պետք է հասկանան, որ չեն կարող այդպես աշխատել: Իրականում կան նաև բավական լավ շինարարներ, թող տարբերություն լինի նրանց միջև»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց.

«Բյուջեի ծախսային հատվածը վերլուծելիս կապիտալ ծախսերում տեսնում ենք թերակատարումներ: Այստեղ պետք է հասկանալ, որ միայն Կառավարությունը չէ, որովհետև, ըստ էության, կապիտալ ծախսերի իրականացնողը մասնավոր հատվածն է: Մենք պետական շինարարական կազմակերպություն չունենք: Ընդ որում՝ ցայտնոտային իրավիճակները որակի վրա էլ են ազդում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ