Վարդենիսում բացվել է 44-օրյա պատերազմում հերոսացած Սենիկ Մովսիսյանի անվան պուրակը

Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում բացվել է Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Սենիկ Մովսիսյանի անունը կրող պուրակը, որտեղ տեղադրված է հուշաքարը և ցայտաղբյուր։

Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը եւ Վահան Զարոյանը, Գեղարքունիքի մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի սպաներ եւ զինվորներ, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած զինվորների ծնողներ եւ հարազատներ, Վարդենիս քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, պաշտոնական այլ անձինք, վարդենիսցիներ։

Սենիկ Մովսիսյանի անվան պուրակի բացման պատիվը տրվել է հերոսի հորը՝ Արա Մովսիսյանին։ Այնուհետ օրհնության կարգ է կատարել Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանը։

«Սիրելի հայրենակիցներ, այս հուշաքարերն օգնում են մեզ, որ կյանքին ճիշտ հայացքով նայենք, որ սերունդներին հայրենանվեր գաղափարներով դաստիարակենք»,-օրհնության խոսքում նշել է Տեր Հարություն քահանա Հունանյանը։

Հանդիսության մասնակիցներին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի անունից ողջույնի խոսք է հղել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։

«Ես ներկաներին եմ փոխանցում նաեւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի սփոփանքի եւ քաջալերանքի խոսքը։ Արցախյան 44-օրյա ծանր պատերազմում մեր հերոս տղաները մաքառեցին մինչեւ արյան վերջին կաթիլը, գիտակցաբար գնացին մահվան, որպեսզի փրկեն հայրենիքը, իրենց հարազատներին։ Նրանց մենք պիտի հիշենք անուն առ անուն ու պիտի կառուցենք այն հզոր, խաղաղ ու արարչագործ հայրենիքը, հանուն որի ընկան մեր հերոս տղաները»,-նշել է Ռուբիկ Նավոյանը։

«Հազարամյակների ընթացքոմ հայ ժողովուրդը շատ է մաքառել իր գոյության, իր ազատության ու անկախ պետականության համար։ Վերջին մաքառումը տվեցին մերօրյա հերոսները, որոնց շարքերում էին մեր հերոսներ Սենիկ Մովսիսյանը, Զավեն Հակոբյանը, Վազգեն Սիմոնյանը, Կարեն Խաչատրյանը, Նարեկ Աղոյանը, Արտակ Բադեյանը, Արտակ Սարգսյանը, Արման Ղասաբյանը, Գրիշա Գրիգորյանը, Վահան Բուդոյանը, Ռազմիկ Մկրտչյանը, Մուշեղ Գալստյանը, Լեւոն Սեւոյանը, Վարդան Պողոսյանը, Արսեն Մադոյանը, Կամո Մինասյանը եւ Վարդան Թադեւոսյանը, ովքեր փառքով պսակեցին իրենց անունները։
Մենք ամեն օր պիտի աղոթենք նրանց համար, պիտի ապրենք եւ աշխատենք մեր հայրենիքի հզորացման ու բարօրության համար, որպեսզի ապրեցնենք նաեւ նրանց սրբացած անունները։ Այս պուրակը թեեւ կոչվում է Սենիկ Մովսիսյանի անունով, սակայն հուշաքարին փորագրված են Վարդենիս քաղաքի բոլոր հերոս նահատակների անունները, որպեսզի նրանց հերոսական գործն ամբողջանա, միատեղվի այսպես»,-ասել է Վարդենիսի համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ