Վարչապետը նշեց պատճառները, թե ինչու Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի՝ գերիներին չվերադարձնելու քաղաքականության նպատակը մեկն է՝ վարկաբեկել ռուս խաղաղապահների գործունեությունը:

«Այսօր հաստատված ռազմագերիների 90 տոկոսը գերեվարվել են ռուս-խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում: Ես այս հարցը բարձրացրել եմ մեր ռուս գործընկերների քննարկումների ընթացքում»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ միջազգային հարթակներում շարունակվում է ռազմագերիների հարցը բարձրացվել. «Այս հարցով մենք նաև դատական գործընթացներ ունենք միջազգային ատյաններում, հետևողական ենք լինելու, որ մեր բոլոր գերիները վերադառնան»:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ միջազգային կազմակերպությունների և Ադրբեջանի հաստատմամբ՝ ՀՀ-ն ունի 38 ռազմագերի, սակայն ունենք նաև երկրորդ ցուցակ, որոնց գերեվարված լինելը դեռևս հաստատված չէ:

Գերիների վերադարձի ժամկետների մասին խոսելիս էլ վարչապետն ասեց, որ խուսափում է նման տվյալներ ասել, քանի որ մեկ անգամ ժամկետ է ասել ծնողներից մեկին, սակայն վերադարձը չի եղել, ինչն իր համար դաս է եղել:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ