Meta-ն հայտնում է, որ Ադրբեջանի կառավարությունը զբաղվել է ընդդիմադիրների կիբերլրտեսությամբ, թիրախավորել է նաև հայկական կայքերը

Meta-ն զեկույց է հրապարակել, որը մանրամասնում է սոցիալական մեդիա ընկերության կողմից ձեռնարկված միջոցների մասին՝ կիբերլրտեսության, համակարգված ոչ իրական վարքագծի և հանրային անվտանգությանը հասցվող այլ վնասների վերացման համար:

Զեկույցում տեղ է գտել նաև Ադրբեջանը։ Մասնավորապես, Meydan TV-ն հաղորդում է, որ ընկերությունը բացահայտել է սխեմա, թե ինչպես է Ադրբեջանի ՆԳ նախարարությունը զբաղվում կիբերլրտեսությամբ և համակարգված ոչ իրական վարքագծով:

 

Այս հիբրիդային գործողության առաջնային թիրախներն են եղել լրագրողները, քաղաքացիական հասարակության ակտիվիստներն ու ընդդիմության անդամները և օգտագործել ֆիշինգային մեթոդը։

Ընկերությունը հայտնում է, որ Ադրբեջանի կառավարությունը կոտրել է կայքեր հիմնականում Ադրբեջանում, որոշները՝ նաև Հայաստանում, որպեսզի ձեռք բերի թիրախավորված օգտատերերի օգտանուններն ու գաղտնաբառերը։ Նրանք կենտրոնացել են լրատվական կայքերի և սոցիալական մեդիայի տարբեր հարթակների վրա, ներառյալ՝ Facebook-ը, Twitter-ը, LinkedIn-ը, YouTube-ը և VKontakte-ն:

Զեկույցում ասվում է նաև, որ կեղծ և վտանգված էջերն ու հաշիվներն օգտագործվել են «Ադրբեջանում ընդդիմության, ակտիվիստների, լրագրողների և քաղաքացիական հասարակության այլ անդամների մասին քննադատական կամ զիջող մեկնաբանություններ» հրապարակելու համար։ Meta-ի զեկույցն այս սխեման դասակարգում է որպես հիբրիդային լրտեսության և համակարգված չարաշահումների արշավի օրինակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ