«Մեր առաջարկը վերաբերում է սահմանների անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելուն»․ Փաշինյանը՝ Բաքվին արված առաջարկների մասին

Ադրբեջանին Հայաստանը սահմանային վիճակի կարգավորման վերաբերյալ առաջարկներ է փոխանցել։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Թեմայի վերաբերյալ այսօրվա առցանց ասուլիսում հարց հնչեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Առաջարկները ոչ թե հենց դեմարկացիայի մասին են, այլ հետևյալի մասին․ գիտեք, որ Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ և գործը տանել դեմարկացիայի և դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում։ Մեր առաջարկը վերաբերում է հենց անվտանգության միջոցառումներին, ինչի մեջ գլոբալ առումով ոչ մի գաղտնիք չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Խոսքը զորքերի հայելային հետքաշման մասին է։

«Հայաստանում անընդհատ տարբեր մեկնաբանություններ են արվում այդ թեմայի հետ կապված։ Առնվազն ճիշտ չէ բովանդակության մանրամասների մասին չիմանալով՝ անել մեկնաբանություններ։ Տպավորություն է, թե մենք առաջարկում ենք սահմանները թողնել առանց պահպանության։ Բնականաբար, այդպիսի բան տեղի ունենալ չի կարող։ Մեր առաջարկը վերաբերում է սահմանների անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելուն»,- ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ