«Եթե հրաժարական տված չլինեի, Դուք էլ էիք տիկին Մկրտչյանի հետ քաբաբ անելիս լինելու մանղալների վրա». Փաշինյանը՝ Խամոյանին

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ագնեսա Խամոյանը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն 2-րդ անգամ հայտարարում է, որ ազդեցության ցանցեր կան Հայաստանում, և «Հայաստան» խմբակցության պատգամավորին մեղադրում է Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ ՝ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումն օգտագործելու համար։

«Ժանրի կանոններով, պարոն Փաշինյան, հիմա ես Ձեզ պետք է մեղադրեմ Ադրբեջանի շահերը լավագույնս պաշտպանելու մեջ, որովհետև դուք եք Ադրբեջանի նախագահին անվանել «կիրթ և կառուցողական», ասել եք, որ նա պատրաստ է հարցի լուծմանը։ Դուք եք նրա հետ Դուշամբեի վերելակում Ձեր նոթատետրի մեջ անհասականալի գրառումներ արել։ Ձեր օրոք ենք կորցրել Արցախի զգալի հատվածը, հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցել, տասնյակ հազարավոր անտուն քաղաքացիներ ունեցել։ Եվ, ի դեպ, դուք եք «Էյվազլի և Չայվազլի» ձևակերպումները մտցրել մեր խոսույթ և հայտնվել ադրբեջանական մամուլում»,- նշեց Խամոյանը, որից հետո հարցրեց Փաշինյանին․ «Ակնհայտ է, որ հրաժարական տալով Դուք կարող էիք կանխել պատերազմը և խոստովանում եք, որ անելանելի վիճակ էր բանակցություններում ստեղծվել։ Ուզում եմ հիշեցնել Հանրապետության հրապարակում ձեր հայտարարույթունը՝ «կամ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կամ ՀՀ-ն չի ունենա վարչապետ»։

Արդյո՞ք ուժի մեջ է Ձեր այս հայտարարությունը և եթե իրերի ընթացքն այնպես դասավորվի, որ Ձեզ հնարավորություն ընձեռնվի իրավիճակը մեղմելու համար գոնե ձեր թիմակիցներից մեկին փոխանցել վարչապետի պաշտոնը, հնարավո՞ր է,օրինակ ՝ Պապիկյանին կամ Արարատ Միրզոյանին, կամ Ալեն Սիմոնյանին»։

Փաշինյանն արձագանքեց․ «Պատերազմը կանխելու ձևը մեկն էր՝ տարածքների վերադարձը, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման»։

Ինչ վերաբերում է բուն հրաժարականի մասին հարցին, Փաշինյանն ասաց․ «Ես հրաժարական տվել եմ, դուք էլ եք իմ հրաժարականի շնորհիվ այստեղ նստած: Եթե հրաժարական տված չլինեի, Դուք էլ էիք տիկին Մկրտչյանի հետ հիմա Բաղրամյան պողոտայում քաբաբ անելիս լինելու մանղալների վրա»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ