Այդ օրը խոսել էր մոր հետ, բարձր տրամադրություն ուներ. երեկ հակառակորդի կրակոցից զոհված Սուրենը տան փոքր երեխան էր

Երեկ Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին, մասնավորապես՝ Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով զոհված 19-ամյա Սուրեն Սաֆարյանն Արագածոտնի մարզի Սադունց գյուղից էր:

Սուրենի բարեկամուհիներից Մարիամ Շամյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում պատմեց՝ 19-ամյա զինծառայողը դեպքի օրը վաղ առավոտյան է խոսել ընտանիքի հետ: Ասել էր՝ լավ տրամադրություն ունի:

«Բանակ զորակոչվել էր 2021 թվականի հունվարին: Շատ լավ էր տրամադրված ծառայության հանդեպ: Ասում էր՝ լավ կլինի ամեն ինչ, կծառայեմ, կգամ: Միշտ լավն էր խոսում բանակի մասին, իր ծառայության: Գյուղում էր ծնվել, մեծացել»,- ասաց նա:

Ընտանիքը որդու հետ խոսելուց մի քանի ժամ հետո է տեղեկացել նրա մահվան մասին: Սկզբում ասել են՝ վիրավոր է, հետո իմացել են՝ հիվանդանոց հասնելու ճանապարհին ստացած վիրավորմանը Սուրենը չի դիմացել և ճանապարհին մահացել է:

5 երեխա էին. 2 քույր ու 3 եղբայր ունի։ Սուրենի երկու եղբայրները նույնպես ծառայել են, որոնցից մեկը 44–օրյա պատերազմի մասնակից է: Սուրենը դպրոցն ավարտելուց հետո աշխատել է տարբեր տեղեր՝ գազալցակայանում, խանութում, հետո զորակոչվել է բանակ։ Ծառայությունը վերջացնելուց հետո մտադիր էր սովորել, բայց դեռ չէր որոշել՝ ինչ մասնագիտությամբ։

«Շատ լավ ընտանիքից էր, ինքն էլ շատ հասնող, օգնող, անմիջական, պարզ տղա էր: Ծնողների ու մեծերի նկատմամբ շատ մեծ հարգանք ուներ: Ոչ ոք չի կարող պատկերացնել այն մեծ ցավը, որ հիմա զգում են ծնողները»,- ասաց բարեկամուհին:

Սուրեն Սաֆարյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 24-ին, Արագածոտնի մարզի Սադունց գյուղում՝ հայրական տանը: Հուղարկավորությունը՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:00-ին, Սադունցի գերեզմանատանը:

Հիշեցնենք՝ երեկ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում՝ հայ-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ, փոխհրաձգություն էր սկսվել։ Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել էին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Այնուհետև ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել էր:

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ