«Աշխատանքից ազատվածները կվերադառնան». Գյումրու նորընտիր քաղաքապետը խոսեց առաջիկա անելիքներից և համերաշխության կոչ արեց

Ինչպես արդեն հայտն ենք, այսօր տեղի է ունեցել Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի երդմնակալության արարողությունը:

Արարողության ավարտից հետո Սամսոնյանը պատասխանել է, թե ինչ կադրային քաղաքականություն է վարելու ինքը, ինչպես է աշխատելու ընդդիմադիր թևի հետ և ինչ է անելու քաղաքապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրած ՇՄ քաղշինվարչության նախկին պետ Ալբերտ Մարգարյանը:

Սամսոնյանի վարած կադրային քաղաքականության հարցում նրա մոտեցումը չի փոխվել՝ օգտագործել կարող բոլոր ուժերի հնարավորությունները՝ օր առաջ Գյումրու խնդիրները լուծելու համար:

«Դիմություն-ընդդիմություն կապ չունի, ամեն քայլ՝ ի շահ Գյումրու: Եթե մարդը կարող է անել բարություն, քաղաքին օգտակար լինել, պետք է կարողանանք օգտագործել»,- ասաց քաղաքապետը:

Ընդդիմադիր թևից «Զարթոնք» կուսակցության անդամներն այսօր չէին մասնակցում քաղաքապետի երդմնակալության արարողությանը: Վարդգես Սամսոնյանը չցանկացավ դա որակել որպես բոյկոտ, այնուամենայնիվ, համերաշխության, միասնական աշխատելու կոչ արեց:

«Բոլոր ուժերը, եթե ուզում են քաղաքը զարգանա, պետք է ամբիցիաները, քաղաքական մոտեցումները դնեն կողքի, պետք է գան՝ միասնական աշխատենք»:

Փոխքաղաքապետների նշանակման հարցում էլ այս պահին հստակություն չկա: Հիշեցնենք, որ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հոկտեմբերի 30-ին համագործակցության հուշագիր էին ստորագրել, որով Գյումրու քաղաքապետի թեկնածու էր առաջադրվելու «Բալասանյան» դաշինքը գլխավորող Վարդգես Սամսոնյանը: Փոխքաղաքապետի երկու թեկնածուները լինելու էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

«Քաղաքացիական պայմանագիր»-ն ընտրության օրը չառաջադրեց թեկնածու՝ հայտարարելով՝ կողմ են քվեարկում «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության թեկնածուին, քանի որ ուզում են քաղաքի կառավարումը լինի անցնցում:

Հարցին՝ ի՞նչ է անելու քաղաքապետի պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանը, որն այս պաշտոնում նշանակվել էր հոկտեմբերի 12-ին՝ ազատվելով Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնից, Սամսոնյանն ասաց. «Ժամանակավոր պաշտոնակատար է եղել, ես արդեն եկել, ստանձնել եմ պաշտոնը, էլ որտե՞ղ մնա»:

Լրագրողների ճշտող հարցին՝ կմնա՞ Մարգարյանը քաղաքապետարանում՝ անցնելով այլ պաշտոնի, Սամսոնյանն ասաց՝ նման հարց չի քննարկվել:

Այսօր քաղաքապետարանում էին նաև Ալբերտ Մարգարյանի պաշտոնավարման օրերին աշխատանքից ազատված աշխատակիցները: Սամսոնյանն ասաց՝ նրանք այսօր եկել էին շնորհավորելու, բայց անպայման վերադառնալու են:

«Բնականաբար, հետ են վերադառնալու: Իրենք բարեխիղճ, լավ աշխատողներ են եղել, իրենց պարտականությունները գերազանց կատարել են, պետք է գան, շարունակեն աշխատանքը»,- վստահեցրեց քաղաքապետը:

Հիշեցնենք, որ Ալբերտ Մարգարյանն աշխատանքից ազատել էր քաղաքապետարանում հայեցողական պաշտոններ զբաղեցնող Լենա Ջիլավյանին, Սամվել Բալասանյանի գործավարուհուն, վարորդին, խորհրդականին:

Այն հարցին էլ՝ ո՞րն է նորընտիր քաղաքապետի առաջնային մտահոգությունը, Վարդգես Սամսոնյանն ասաց՝ սկսած փողոցաշինական աշխատանքը խելամիտ ժամկետներում ավարտին հասցնելը:

Սամսոնյանի խոսքով՝ նոր ծրագրեր էլ կան, որոնք աստիճանաբար կյանքի կկոչվեն. «Իմ 100 օրը լրանալուն պես արածս ու անելիքը կներկայացնեմ»:

Անդրադառնալով նաև լրատվամիջոցների հետ աշխատելուն՝ նորընտիր քաղաքապետն ասաց, որ կաշխատի նույն հունով՝ բաց ու պատրաստակամ, ակնկալիքը նրանց օբյեկտիվությունն է:

Աղբյուրը՝ Armtimes

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ