Խաղաղության մասին խոսելը գուցե միջազգային հանրության ականջների համար հաճո է, բայց մեր իրականության ընկալումներին չի համապատասխանում. քաղաքագետ

Քաղաքագետները հակասական են որակում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։

«Մի կողմից Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի գործողութունները որակում է որպես ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ, բայց մյուս կողմից առաջ է քաշում խաղաղության օրակարգը, ասում է, որ Հայաստանը պատրաստ է գնալ խաղաղության ճանապարհով։ Ստացվում է, որ Ադրբեջանին պետք է պարգևատրել Արցախի դեմ ագրեսիայի համար: Այս հակասությունը ցայտուն երևում է ելույթից»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին։

Իր ելույթում վարչապետը կենտրոնացավ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա և ներկայացրեց գոյություն ունեցող խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի տեսակետներն ու առաջարկությունները: Վարչապետը կրկին խոսել է խաղաղության օրակարգի մասին․ «Խաղաղության օրակարգի դեմ ուղղված գործելակերպ է այն, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի` Ադրբեջանը ոչ միայն մինչեւ օրս գերության մեջ է պահում Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ քաղաքացիների, այլեւ նրանցից շատերին շինծու մեղադրանքներով դատապարտել է 6-ից մինչեւ 20 տարի ազատազրկման:

Բացի սա՝ կան քաղաքացիներ, որոնց գերեվարված լինելու փաստը Ադրբեջանը մինչեւ օրս չի հաստատում, չնայած՝ նրանց գերության մեջ լինելու մասին կան հստակ ապացույցներ: Սա առավել անընդունելի է դառնում այն ֆոնին, որ 2020 թվականի աշնանը ադրբեջանցի օգտատերերը հրապարակել են կոնկրետ հայ զինվորների գերեվարվելու տեսանյութեր, իսկ ավելի ուշ՝ հայտնաբերվել են այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները: Մեր գերիների խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ ունենք:

Թշնամության մթնոլորտի խորացման աղաղակող օրինակ է Բաքվում բացված՝ այսպես կոչված ավարների պուրակը, որտեղ ադրբեջանցի դպրոցականներին էքսկուրսիաների են տանում դիտելու գերեվարված, սպանված կամ արնաքամ լինող հայ զինվորների մանեկենները: Այս եւ մյուս քայլերն արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, բայց մենք հետեւողականորեն առաջ ենք տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով եւ նոր հնարավորություններ ստեղծելով»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

Ղուկասյանի խոսքով վարչապետի ելույթից նաև տպավորություն էր ստեղծվում, որ միջազգային հանրությունը չի նկատել, կամ անտարբեր է մնացել Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ և միայն Ռուսաստանի Դաշնությունն է, որ միջամտել է և դադարեցրել պատերազմը։ «Բայց դա հակասում է այն իրողությանը, որ հիմա կա։ Կոնգրեսի ընդունած բանաձևը, այլ միջազգային կառույցներ դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան և գործադիր իշխանություններին մի շարք գործողությունների են կոչ անում»,-ասաց Ղուկասյանը։

Միևնույն ժամանակ, քաղաքագետի խոսքով, տեղին էր գերիների հետ կապված հարցի շեշտադրումը, որը եռակողմ համաձայնության շրջանակում ոչ մի կերպ չի լուծվում։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով էլ վարչապետի ելույթը միանշանակ չէ։ Ճիշտ կլիներ այդ ելույթում ՀՀ վարչապետը պատասխաներ նախորդ օրը Ալիևի՝ նույն ամբիոնից հնչեցրած հայտարարություններին։ Բայց հաշվի առնելով այն փաստը, որ ելույթը նախապես ձայնագրված էր, թերևս այդ պատճառով Ալիևի հայտարարություններից հետո ելույթում փոփոխություններ չեն կատարվել․ «Բայց դա շատ լավ հնարավորություն ու ամբիոն էր Ալիևի կոշտ հռետորաբանությանը որոշակի պատասխան տալու համար և ափսոս, որ այդ հնարավորությունը չօգտագործվեց։ Շատ լավ կլիներ, որ ձայնագրված ելույթում փոփոխություն կատարվեր և Փաշինյանը պատասխաներ Ալիևին»,-ասաց Ղևոնդյանը։

Ինչ վերաբերում է ելույթի շեշտադրումներին, ապա քաղաքագետի խոսքով և ռազմագերիների հարցն է շատ կարևոր, և խաղաղության օրակարգը, բայց հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը խաղաղությունը կապում է Հայաստանի ինքնիշխանության, ինքնուրույնության թուլացման հետ, ապա այս մթնոլորտում խաղաղության մասին խոսելը գուցե միջազգային հանրության ականջների համար հաճո է, բայց մեր իրականության ընկալումներին չի համապատասխանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ