Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

«Մենք քննարկելու շատ թեմաներ ունենք»։

Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Օլաֆ Շոլցը նշել է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը ևս:

«Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են: Ես ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն»,- ասել է նա։

Կանցլերը հավելել է, որ ստացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի լուրը։ Դրական գնահատելով դա՝ նա նշել է, որ կարծում է՝ այս տարի խաղաղության պայմանագիր կստորագրվի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա, որտեղ մասնակցելու է 15-րդ Պետերսբերգյան կլիմայական երկխոսության բարձր մակարդակի հանդիպմանը:

Բեռլինում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի միջև առանձին հանդիպում, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ