Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Որոշ ժամանակ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 40 շենքի բնակիչներից դիմում-նամակ է ստացել, որը վերաբերել է իրենց շենքի շրջակայքում եղած հանրային սննդի հաստատությունների կողմից գիշերային ժամերին աղմուկի թույլատրելի շեմերը պարբերաբար, գրեթե մշտական անցնելուն, հատկապես բարձր երաժշտության միջոցով։

Այս մաին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է պատգամավորը։

«Համաձայնել էի, որպեսզի օրենսդրական փոփոխություններ մշակենք այս մասով, որպեսզի բնակիչների անդորրը այդ շենքում և մնացած այլ բնակելի շենքերում պահպանվի։

Սակայն այսօր ստացել եմ ստորև նամակը և տեսանյութերը, որոնք հրապարակում եմ։ Կարծում եմ, որ Ներքին գործերի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը (մյուս համայնքապետարանները նույնպես) պետք է հավելյալ ջանքեր գործադրեն, որպեսզի թե՛ Պուշկինի 40, թե՛ մնացած բնակելի շենքերի և տների բնակիչների անդորրը օրենքի համաձայն խստագույնս պահպանվի։
***
Բարև Ձեզ, պարոն Թորոսյան,

Երեկ գիշերը գրեթե բոլոր հանրային սննդի օբյեկտները լուռ էին, բացի Քոլեքթիվից: Վերջինս ոստիկանության ժամանելուց և արձանագրություն կազմելուց հետո շարունակում է աղմկել և դա իրենց մոտ մշտական բնույթ է կրում, այսինքն գրեթե միշտ ոստիկանության հեռանալուց հետո երաժշտությունը չի դադարում, նույնիսկ ավելի են բարձրացնում: Երբ երեկ ես երկրորդ անգամ ահազանգեցի 102 և ոստիկանները կրկին մոտեցան տեղի ունեցավ տեսանյութում արտացոլված միջադեպը:

Կից Ձեզ եմ ուղարկում երեկ գիշերը ժամը 01:15-ին կատարված տեսաձայնագրությունը, որտեղ երևում է Քոլեքթիվ հանրային սննդի օբյեկտի ներկայացուցչի խուլիգանական վարքագիծը, ինչի արդյունքում վերջինիս բերման ենթարկեցին: Ինչպես նաև, Ձեզ եմ ուղարկում երեկ ոստիկանների կողմից օբյեկտի ներկայացուցչին բերման ենթարկելուց հետո ներսում արված տեսաձայնագրություն, որտեղ երևում է, որ հանրային սննդի օբյեկտը չի անջատել երաժշտությունը և 20.04.2024թ-ին արված տեսաձայնագրություն, որտեղ երևում է բարձր երաժշտության ուղեկցությամբ պարող անձանց բազմությունը: Վերջին երկու տեսանյութերը ևս արված են գիշերը 01:00-ի սահմաններում:

Խնդրի հնարավոր կարգավորման համար, եթե նպատակահարմար գտնեք, կխնդրեի հանրայնացնել այս միջադեպը և տեսանյութերը:

Շնորհակալ եմ:

Հարգանքով՝ Անահիտ Բեգլարյան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ